«Միայն ես եմ զգում Սահմանադրությունը և օրենքները, դուք պետք է կարողանաք կարգին ձևով ենթարկվել». Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին
«Պարոն Սահակյան, Դուք նոր եզերքներ եք բացում համաշխարհային խորհրդարանական գործունեության պատմության մեջ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։
Ն. Փաշինյանի խոսքով՝ չլսված բան է, որ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ նախագահը հրաժարվի դնել շրջանառության մեջ` այն պատճառաբանությամբ, թե դա զրպարտանք է և հակասահմանադրական։
«Կներեք, Դուք ո՛չ սահմանադրական, ո՛չ էլ առաջին ատյանի դատարան եք, և եթե շատ հստակ կարգը սահմանում է, որ, եթե պատգամավորը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում հայտնի դրա վերաբերյալ։ Ձեր գործողությունները՝ կապված Զարուհի Փոստանջյանի նախագծերի հետ, անառարկելիորեն հակաօրինական են»,- նշեց Ն. Փաշինյանը։
«Ես ուզում եմ լրացնել հետևյալի մասին՝ բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք, բացի ինձանից։ Ես լրիվ հակառակը կասեմ՝ միայն ես եմ զգում, դուք պետք է կարողանաք կարգին ձևով ենթարկվել»,- ի պատասխան՝ ասաց Գ. Սահակյանը։