«Պարոն Սահակյան, իմացեք, որ Դուք նաև այս հարցի շուրջ պետք է կանչվեք պատասխանատվության». Զարուհի Փոստանջյանը՝ Գալուստ Սահակյանին

«5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները մոտենում են ավարտին, որը մեր հանրությանը լիարժեք չկարողացավ ծառայել, խուսափեց իր ուղղակի պարտականություններից»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ ԱԺ-ի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պարտականությունների մեջ էր մտնում, որպեսզի քննարկման առարկա դառնային իր կողմից ներկայացված 2 հայտարարությունների նախագծեր. «Մեկը վերաբերում էր հանրահայտ մարզպետ պարոն Սուրիկ Խաչատրյանին, և երկրորդը վերաբերում էր ժողովրդի  ապստամբության իրավունքին։ Այս երկու հայտարարությունների նախագծերը պարոն Գալուստ Սահակյանը մերժել է դնել շրջանառության մեջ՝ օգտագործելով իր կամայական հնարավորությունները, և այս կամայական հնարավորություններն ապօրինի են, և դրա համար պարոն Սահակյանը պետք է պատասխանատվության կանչվի։ Միգուցե այս պահին մեր դատական համակարգն ադեկվատ չէ արձագանքում, բայց պարոն Սահակյան, իմացեք, որ Դուք նաև այս հարցի շուրջ պետք է կանչվեք պատասխանատվության»։

Նշենք, որ Գ. Սահակյանը ոչ մի կերպ չարձագանքեց պատգամավորի հայտարարությանը։

Տեսանյութեր

Լրահոս