Արմեն Գևորգյանի կենսագրությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ներկայացնում են Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
2016թ. հունիսի 6-ից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։