«Վրաստանի վիճակի ապակայունացումը ձեռնտու է միայն Իվանիշվիլիին». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանելու Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և բնականաբար, երկրում իրավիճակի ապակայունացումը բխում է միայն Իվանիշվիլիի շահերից։
Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Կնոջս ու երեխային ուղարկել եմ Վրաստան։ Սանդրան առաջադրվում է ընտրություններում։ Հարցումների համաձայն՝ մենք լավ դիրքում ենք և գրեթե բոլորը պետք է վստահ լինեն, իհարկե, վերջին շաբաթվա ընթացքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, սակայն մենք համոզիչ հաղթանակ կտանենք։ Այդ իրավիճակում ապակայունացումը միայն Բիձինա Իվանիշվիլիին է ձեռնտու։ Մենք ամեն ինչ կանենք, որ ընտրություններն ընթանան խաղաղ, հանգիստ և թավշյա եղանակով վերադարձնեն իշխանությունը։
Իվանիշվիլին, իհարկե, պատրաստ չէ դրան, սակայն հենց վրաց ժողովուրդն ընդունի այդ որոշումը, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի, և Աստված մի՛ արասցե, որ խոչընդոտի: Դրան ժողովուրդը կտա այլ պատասխան՝ խաղաղ, սակայն կոշտ։ Սակայն ես մտածում եմ, որ հենց լինեն ընտրությունների առաջին արդյունքները, վրաց ժողովուրդը հաղթող կլինի և մենք առաջ կընթանանք»,- հայտարարել է Սաակաշվիլին։