
Վրաստանում զինված հարձակում են գործել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրա

Երեկ երեկոյան Գորիում զինված անձինք հարձակվել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրա, երբ վերջինս հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հարձակման հետևանքով վիրավորվել է Օքրուաշվիլիի թիկնապահը, ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստներից մեկը։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել։ Օքրուաշվիլին կատարվածի մեջ մեղադրել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի աներորդուն։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, Գորիի մեծամասնական թեկնածու Իրակլի Ալասանիան պահանջել է Վրաստանի իրավապահներից անհապաղ հետաքննել Իրակլի Օքրուաշվիլիի վրա կատարված հարձակումը։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Վրացական երազանք» կուսակցությունը։ Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ առնչություն չունի կատարվածին և խնդրում է չքաղաքականացնել տվյալ իրավիճակը։