Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը տոնում է հաղթանակը փախստականներին երկրում տեղակայելու հարցի վերաբերյալ հանրաքվեից հետո

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փախստականների մասին հանրաքվեի արդյունքները անվանել է ԵՄ երկրների միջև փախստականների քվոտայի բռնի տեղաբաշխման հակառակորդների հաղթանակ, հայտնում է BBC-ն։

Երեկ Հունգարիայում կայացած հանրաքվեում մարդկանց գրեթե 98%-ը դեմ է արտահայտվել Եվրամիության մտադրությանը՝ դաշինքի անդամ երկրներում տեղակայել 160 հազար ներգաղթյալների, որոնցից 1294-ը պետք է ապաստան ստանար Հունգարիայում։

Նրանք Սիրիայի, Իրաքի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի փախստականներ են։

Հանրաքվեում մարդիկ պետք է պատասխանեին հարցին. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Եվրամիությունը իրավունք ունենա պարտադիր կարգով տեղակայել մարդկանց, որոնք Հունգարիայի քաղաքացիներ չեն, երկրում՝ առանց Ազգային ասամբլեայի (խորհրդարան) հավանության»:

Ընդ որում՝ հանրաքվեում մասնակցության հայտը եղել է նվազագույնից ցածր՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43%-ը նվազագույն 50%-ի փոխարեն։
Օրբանը քվեարկության արդյունքները համարել է համոզիչ քաղաքական և իրավական տեսանկյունից։

Օրբանը կոչ է արել ԵՄ ղեկավարներին ուշադրություն հրավիրել Հունգարիայի հանրաքվեի արդյունքների վրա։

Հասարակական կարծիքի հարցումները, որոնք արվել էին մինչ քվեարկությունը, ցույց էին տվել, որ նրանց թվում, որոնք պատրաստվում են մասնակցել քվեարկությանը, բարձր է քվոտաների դեմ հանդես եկողների թիվը:

Փախստականների ճգնաժամի ժամանակ Հունգարիան առաջին երկրներից է, որն ընկած է փախստականների՝ Գերմանիա և ԵՄ երկրներ տանող ճանապարհին:
Ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար Հունգարիայի իշխանությունները փակել էին անգամ Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս