«Չկա բանական այլընտրանք համբերատարությանն ու համատեղ որոշումների համառ որոնմանը». Հռոմի պապը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս ունի, որ միջազգային հանրությունը կօգնի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Հռոմի պապը հայտարարել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան կենտրոնում՝ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Մտածելով այս երկրի մասին՝ կցանկանայի արտահայտել իմ անկեղծ մտերմությունը նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողը և բազմաթիվ մարդկանց, որոնք տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքով: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է ի վիճակի լինել առանց տատանվելու առաջարկել անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Հռոմի պապը:
Որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղության նոր փուլ սկսվի, Հռոմի պապը կոչ է արել բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով:
«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա վայր, որտեղ երկխոսության և բանակցությունների ճանապարհով վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն և կհաղթահարվեն»,- ասել է նա:
Հռոմի պապը նշել է, որ այդկերպ այդ տարածաշրջանը կդառնա դարպաս, որը բաց կլինի աշխարհի առաջ և օրինակ կլինի, որին կարելի է նայել՝ հին և նոր հակամարտությունները լուծելիս:
Նրա խոսքով՝ աշխարհը, ցավոք, տառապում է բազմաթիվ հակամարտությունների ողբերգություններից, որոնք ծագել են անհանդուրժողականությունից, որոնք, իրենց հերթին, հարուցվում են բռնի գաղափարախոսություններով և թույլերի իրավունքների փաստացի հերքմամբ:
«Մենք պետք է խթանենք խաղաղության մշակույթը: Չկա բանական այլընտրանք համբերատարությանն ու համատեղ որոշումների համառ որոնմանը շահագրգիռ և համառ բանակցությունների միջոցով»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ պետությունները պետք է իմաստուն եղանակով ու արիաբար շարունակեն ճանապարհը, որը տանում է դեպի իրական առաջընթաց և ժողովուրդների ազատության՝ բացելով նոր ուղիներ, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրերի և խաղաղության:
«Այդկերպ, ժողովուրդները կազատվեն ծանր տառապանքներց և ցավագին վերքերից, որոնք դժվար է բուժել»,- ասել է Հռոմի պապը: