
«Հավատը ոսկե թել է, որը մեզ կապում է Աստծուն». Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Ադրբեջան այցի շրջանակում այցելել է Բաքվի կաթոլիկ եկեղեցի, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հաղորդվում է, որ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցել:
Տեղի կաթոլիկները պապին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Հռոմի պապը դիմել է հավատացյալներին ու Աստվածաշնչից մեջբերումներ կատարել: Նա կոչ է արել մարդկանց ամրապնդել հավատը:
«Հավատը ոսկե թել է, որը մեզ կապում է Աստծուն, դա նրա հետ լինելու մաքուր ուրախությունն է, հավատը նվեր է, որը համեմատելի է կյանքի հետ, նվեր է, որը պտուղներ է տալիս, եթե մենք կատարում ենք մեր մասը»,- ասել է Հռոմի պապը:
Մեջբերելով Մարիամ Աստվածածնի խոսքերը՝ Հռոմի պապը ուղերձ է հղել Բաքվի հավատացյալներին: «Հավատի պտուղը սերն է: Սիրո պտուղը ծառայությունն է, իսկ ծառայության պտուղը՝ խաղաղությունը»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ հավատն ու սպասավորությունը չեն կարող անբաժան լինել, հակառակը, դրանք սերտորեն միահյուսված են:
Հիշեցնենք, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որը զարդարված է եղել Սուրբ գահի և Ադրբեջանի դրոշներով, Հռոմի պապին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք: