«Վրաստանում չի բացառվում իշխանության փոփոխության հնարավորությունը». Սոսո Ցինցաձե
«Վրաստանին հետաքրքիր ընտրություններ են սպասվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ:
Ըստ վերջին տվյալների` Վրաստանում կա 3 473 316 ընտրող: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% ընտրական շեմը: Մեծամասնական ընտրատարածքում հաղթող կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի այդ տեղամասի ընտրողների 50%-ից ոչ պակաս ձայները: Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավոր կա: Սահմանադրության համաձայն՝ համամասնական համակարգով 77 պատգամավոր է ընտրվելու, մեծամասնականով՝ 73:
Սոսո Ցինցաձեն հիշեցրեց, որ ընտրապայքարն առաջին հերթին՝ սուր է ընթանալու «Ազգային շարժում» և «Վրացական երազանք» կուսակցությունների միջև։ Նա նշեց, որ հարցումների մեծամասնության համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստանալու է ընտրողների ձայների 50%-ից ավելին։
«Այս ընտրությունները հետաքրքիր են անցնելու՝ հաշվի առնելով իշխանափոխության հնարավորությունն ու այս ընտրապայքարի առանձնահատկությունը. շատ են նորահայտ կուսակցությունները, որոնք հետաքրքիր ֆոն են փոխանցում ընտրապայքարին, թեև նրանցից միայն մի քանիսը կհայտնվեն նոր ձևավորվելիք խորհրդարանում: Մեկ շաբաթ մնաց ընտրապայքարին: Դատելով հասարակական տրամադրություններից, չի կարելի բացառել իշխանության փոփոխություն Վրաստանում, մենք դրա ականատեսը եղել ենք։ Եթե չօգտագործվի ադմինիստրատիվ ռեսուրս, որի վտանգը կա, գուցեև փոխվի իշխանությունը, քանի որ ներկայիս իշխանության նկատմամբ հասարակական տրամադրությունները միանշանակ չեն։
Վերջին ընտրություններից առաջ հասարակությունն այս իշխանություններից շատ ավելի լուրջ սպասելիքներ ուներ, իսկ հիմա դժգոհությունները բարձրացել են, քանի որ իշխանությունները «հանգստացան» և դադարեցին աշխատել հանուն հասարակության։ Քաղաքականություն Իվանիշվիլիի մուտքը բավականին ցայտուն էր, իրականացվեցին մի շարք կարևոր ծրագրեր, որոնք հույս արթնացրին, որ բոլոր խոստումներն իրականացվելու են, իսկ հասարակությունը հասկանում է, որ ընտրության հնարավորություն ունի, հատկապես, երբ երկրում իշխանություն փոխելու փորձ ունի: Այս պայմաններում բացառել, որ հասարակությունն այլ որոշում կկայացնի, չի կարելի»,- ասաց Սոսո Ցինցաձեն՝ շարունակելով, որ ընտրապայքարի վերջին շաբաթից ձևավորված պատկերի փոփոխություն ակնկալելն անիմաստ է:
Նրա համոզմամբ, արդեն պարզ է, որ հրապարակվելիք հարցումները նախապատվությունը տալու են իշխող կուսակցությանը, սակայն դա որոշիչ չէ:
Հարցին, թե այս ընտրությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի Ռուսաստանը, որը, ըստ մի շարք փորձագետների, չի ցանկանում իշխանափոխություն Վրաստանում, ասաց, որ Ռուսաստանը չի կարող որևէ կերպ միջամտել այս ընտրությունների ընթացքին ու ելքին: Նրա խոսքով՝ բոլոր հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, գործում է ռուսական գործակալական ցանց, բայց դրա արդյունավետությունը Վրաստանում չափազանց ցածր է: Սոսո Ցինցաձեն ևս համամիտ է, որ Ռուսաստանը չի ցանկանա անակնկալ զարգացումներ տեսնել Վրաստանում՝ հաշվի առնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի ռուսական կապերը:
«Իշխող կուսակցությունը շարունակել է նախկին իշխանությունների դրած արևմտամետ ուղին, բայց Ռուսաստանի դեմ քայլեր ևս չեն ձեռնարկվել, ինչն ակնհայտ է եղել հասարակության համար»,- ասաց Ցինցաձեն: Վերջինիս համոզմամբ՝ իշխանության փոփոխությունը կարող է լուրջ զարգացումների պատճառ դառնալ Վրաստանում, որոնք կհրավիրվեն ռուսական կողմից: Այս սցենարին, ըստ Ցինցաձեի՝ պետք է պատրաստ լինել: