ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ
Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն