Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին:

Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման և իրականացման նպատակով:

Վարչապետը շեշտել է, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, արտաքին աշխարհին առաջարկելու համար: Գնահատելով բանկի ղեկավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի գործարար դաշտում ներդրումային ծրագրերին աջակցելու հարցում, Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:

vtb-bank4

vtb-bank3

Միխայիլ Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր և պատրաստվում է ընդլայնել գործունեությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտներում: Ընդգծելով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարևորությունը՝ «ВТБ 24» բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը տնտեսության ոլորտում կցուցաբերի ավելի ճկուն մոտեցումներ՝ համահունչ ներդրողների շահերին: Միխայիլ Զադորնովն ընդգծել է, որ բանկը կդիտարկի նաև տնտեսության առանձին ճյուղերում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Միխայիլ Զադորնովն անդրադարձել են «ВТБ» բանկի գործունեությանը և քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս