Հայկազ Բաղմանյանի բիզնես կանտոռան. «Հայակական Ժամանակ»

Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մոտ մեկ շաբաթ անց Հայկազ Բաղմանյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հետեւյալը. «Ես Թաթուլի մասին իմացել եմ, երբ նա սկսել է բողոքել։ Բացի էդ, 6 ատյան անցել է, ու հիմա ինքը նոր վարչապետին է դիմո՞ւմ»:

Թաթուլ Բաղդասարյանը մեր զրույցում Հայկազ Բաղմանյանի հայտարարությունը համարեց բարբաջանք: «Հայկազ Բաղմանյանը, եթե ինձ չի ճանաչում, ինչպե՞ս է ինձ դատի տվել տարիներ շարունակ»,- հակադարձեց գործարարը:

Նրա խոսքով՝ Հայկազ Բաղմանյանին ճանաչել է տարիներ առաջ, նույնիսկ վերջինիս եղբոր հետ աշխատել է: Գազալցակայան կառուցելու միտքը, սակայն եղել է Թաթուլ Բաղդասարյանինը, որի համար դիմել է հենց գեներալին: Նրանք հանդիպել են նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող զինվորական կորպուսներից մեկի տարածքում: «Ինքն այն ժամանակ ծառայում էր Կարճաղբյուրում: Առաջին անգամ հանդիպել ենք Երեւանի Մարիոթ հյուրանոցի դիմացի սրճարանում, իսկ դրանից հետո բազմաթիվ անգամ հանդիպել ենք կորպուսում, կորպուսի իր նստավայրում, իր կաբինետում եւ բանակցել ենք, զրուցել ենք, թե ում՝ ինչ է հասնում»,- պատմեց գործարարը՝ ընդգծելով, որ նույնիսկ հաշվապահական աշխատանքներն իրականցրել է նույն զորամասի հաշվապահ, կոչումով մայոր Մերուժը: «Ամբողջ օրը Մարտունիում էր, հարկային տեսչությունը խեղդում էր, ՀԴՄ չուներ, վկայական չուներ, էլեկտորացանցի հարցերն էր լուծում եւ այլն, բոլոր հարցերն այդ խեղճ տղան էր անում Հայկազի ասելով»,- մանրամասնեց նա:

Գործարարի պնդմամբ՝ իր եւ Հայկազ Բաղմանյանի վերջին հանդիպումը եղել է 2008 թվականի մարտի 1-ին, որից հետո ո՛չ հեռախոսազրույց է ունեցել, եւ ո՛չ էլ «տետ առ տետ» հանդիպում, սակայն գեներալը տարբեր ճանապարհներով փորձել է համոզել նրան ինչ-որ հայտարարի գալ:

Թաթուլ Բաղդասարյանը դիմել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որպեսզի արգելեն իր արտադրամասի տարածքում գազալցակայանի գործունեությունը, քանի որ շահագործվում է այն անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: «Ես գրություն ունեմ ԱԻՆ-ից, որ այո՛, կա խախտումներ, բայց մենք իրավասու չենք դադարեցնելու: Այսինքն՝ սա ինչի՞ մասին է խոսում: Պարոն Երիցյան ՀՀ ԱԻՆ-ը բուժհիմնարկ չի, նման դեպքերի համար է: Դուք սպասում եք, որ մահվան դեպքեր լինի եւ գաք կանգնեք եւ ցույց տաք, որ երկու մարտական հաշվարկ է եկե՞լ, դուք պարտավոր եք նման օբյեկտների գործունեությունը դադարեցնել, որպեսզի մարդկային կյանքեր չխլվեն»,- ասաց «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրենը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս