Երթևեկություն. ճանապարհային վտանգները. «Հայկական Ժամանակ»

Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները:

Երեւանի քաղաքապետարանը. հետիոտնները

Երեւանը հանրապետության ամենամեծ տրանսպորտային հանգույցն է, ուր տեղի են ունենում վրաերթերի մեծամասնությունը, մահացու վթարների առյուծի բաժինը, եւ միակ քաղաքն է, ուր վարորդները ժամեր են սպանում խցանումներում: Այս պատճառով դժվար է թերագնահատել Երեւանի քաղաքապետարանի լիազորություններն ու դերը՝ կապված Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության հետ… Թեեւ այն, ինչ  կասենք, մասամբ տեղին կլինի նաեւ այլ քաղաքների համար:

Մսխումը: Քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի հետիոտնների անվտանգության բարձրացումը: Սակայն դրա լուծման ուղղությամբ իրականացվող միակ գործառույթը վերգետնյա անցումներն են, որոնք Երեւանում արդեն ավելի շատ են, քան բազմաթիվ ավելի մեծ քաղաքներում:

Բանն այն է, որ վերգետնյա հետիոտնային անցումը լուրջ շինարարություն է, որը, որպես կանոն, զուգորդվում է «ատկատներով» ու կոռուպցիոն այլ մսխումներով: Սակայն կան հետիոտնների կյանքը անվտանգ դարձնելու բազմաթիվ այլ միջոցներ, որոնք բյուջեի վրա միլիոններ չեն նստում:

Լուսավորություն: Հետիոտնների անվտանգության ապահովման առաջին քայլը, որ պետք է անի քաղաքապետարանը, բոլոր կարգավորվող ու չկարգավորվող հետիոտնային անցումների ուժեղ լուսավորումն է: Էներգախնայող դիոդային լույսերի այս դարում դա բավականին էժան է: Քանի դեռ Ճանապարհային ոստիկանությունը գիշերը վրաերթները պակասեցնելու համար պայքարում է մգեցված հողմապակիների դեմ, Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի անում հետիոտնային անցումները լրացուցիչ լուսավորմամբ կահավորելու համար:

Լրացուցիչ լուսավորվածությունը ոչ միայն հնարավորություն կտա, որ վարորդները հեռվից տեսնեն հետիոտնին, այլեւ լրացուցիչ մոտիվացիա կստեղծի, որ հետիոտնները փողոցն անցնեն հենց այդ հատվածում: Այս քայլին գնացել են հետխորհրդային բազմաթիվ մայրաքաղաքներ: Անգամ պատերազմող ու խիստ աղքատացած Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում հետիոտնային անցումների վրա 2015 թվականից սկսած տեղադրում են լրացուցիչ լուսավորություն… Բոլոր այդ քաղաքներում միանգամից դիտվում է վրաերթերի վիճակագրության կտրուկ անկում:

Դանիել Իոաննիսյան

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս