Բաժիններ՝

Հայկական HurryApp հավելվածն առաջին անգամ մրցավազք կանցկացնի Վրաստանում

Հայկական HurryApp բջջային հավելվածին 168.am-ն արդեն անդրադարձել է: Բջջային հավելվածը քաղաքային քվեստի՝ արշավի հարթակ է, որի միջոցով մասնակիցները կկարողանան տեղեկանալ սպասվող քվեստների մասին, ընտրել առաջարկվող քվեստներից մեկը, անցնել չեքփոյնթներով (check-point) և պատասխանել հարցերին: Առաջիններից մեկը լինելու դեպքում, արդեն վերջնակետում մասնակիցները կարող են ստանալ վազքի գործընկերոջ կողմից տրամադրվող մրցանակները:

Քաղաքային քվեստներ իրականացնող հավելվածը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Երևանում անցկացված մի քանի մրցավազքերից հետո HurryApp-ը սկսում է մրցավազքերը Վրաստանում: Հոկտեմբերի 1-ին առաջին անգամ Թբիլիսիում կանցկացվի HurryApp-ի մրցավազքը, որը կոչվելու է Tbilisi NewYorker Run:

168.am-ի հետ զրույցում հավելվածի մարքետինգով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ Վրաստանում անցկացվող մրցավազքը շատ չի տարբերվելու երևանյան մրցավազքերից:

«Տարբերությունը միայն այն է, որ Թբիլիսիի մրցավազքի ժամանակահատվածն ավելի երկար է, քան Երևանինը, և դրա համար մենք մրցանակներ ենք տալու ոչ թե՝ առաջինը տեղ հասած մասնակիցներին, այլ նրանց, ովքեր ողջ մրցավազքի ընթացքում կցուցադրեն լավագույն արդյունքը»:

Կարդացեք նաև

Թբիլիսիում մրցավազքի մեկնարկը կհայտարարվի կեսօրին: Մասնակիցները ժամանակ կունենան մինչև 20:00-ն:

hurry up

Ինչպես երևանյան մրցավազքերում, Թբիլիսիում ևս մրցավազքի ավարտին լավագույն մասնակիցները ստանալու են թանկարժեք նվերներ: Այս անգամ HurryApp-ի թիմը համագործակցում է NewYorker բրենդի հետ: Այս համագործակցության արդյունքում էլ մրցավազքը կոչվել է Tbilisi NewYorker Run:

Հրաչուհի Բարսեղյանը նշում է, որ հավելվածի հետագա քայլերը պարզ կլինեն առաջիկայում անցկացվող մրցավազքերի արդյունքների ամփոփումից հետո:

«Հաջորդ պլանները կախված են նրանից, թե մենք ինչպիսի զարգացումներ և հաջողություններ կունենանք Վրաստանում: Վրաստանի արդյունքները մեզ շատ բաների մասին կասեն: Վրաստանում հաջողություններ ունենալու դեպքում կդիտարկենք նաև եվրոպական երկրներ ընդլայնվելու տարբերակը: Իհարկե, մենք ավելի մեծ պլաններ ունենք՝ կապված ամբողջ աշխարհի հետ, սակայն դեռ փոքր-փոքր քայլերով ենք առաջ գնում»:

HurryAPP-ը հայ ծրագրավորողների և մարքետինգի մասնագետների 2 խմբերի և 2 ներդրող ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Հավելվածը եզակի է իր բնույթով, քանի որ ոչ միայն անցկացնում է հերթական քվեստը, այլև նպաստում է առողջ ապրելակերպին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս