«Դուք վարչապետի ձեռքերը կապում եք, պարտադրում եք մի օրենսգիրք, որի մշակմանը չի մասնակցել». Ալեքսանդր Արզումանյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ի սկզբանե այս գործընթացը վիճահարույց էր, և օրենսգրքի նախագիծը բավականին հակասություններ ստացավ հասարակության տարբեր  սեկտորներից։

Ա. Արզումանյանի համար անհասկանալի է արտահերթ ռեժիմով օրենսգիրքն ԱԺ քննարկման ներկայացնելը, որովհետև իրենք չգիտեն նոր կառավարության կոնցեպտը. «Եկել է նոր վարչապետ, ինչ-որ տեսլականի մասին է խոսել, ուղենիշներ է տվել՝ ազդակներ ուղարկելու, և պետք է բերի մեզ ծրագիր։ Որքանո՞վ է այս նոր օրենսգիրքը համապատասխանելու իր նոր ծրագրի փիլիսոփայությանը։ Արդյո՞ք այս Հարկային  քաղաքականությունը սպասարկելու է իր՝ որպես կառավարության ղեկավարի  ծրագրի իրականացմանը, չգիտենք։ Կգար ծրագիրը, կկարդայինք»։

Պատգամավորն արհամարհանք է տեսնում Ազգային ժողովի նկատմամբ, քանի որ կառավարությունը պարտավորություն է ստանձնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջև՝ մինչև այս ամսաթիվն ընդունել նոր օրենսգիրք։ Ըստ նրա՝ չի կարող նման բան լինել։

Կարդացեք նաև

«Պետք է մինչև այսինչ ամսաթիվը բերել նոր օրենսգիրք, կընդունի՞ խորհրդարանը, թե՞ ոչ, այլ հարց է։ Սա ձեր մեծամասնության կառավարությունն է, բայց դուք վարչապետի ձեռքերը կապում եք, այսինքն՝ պարտադրում եք մի օրենսգիրք, որի մշակմանը չի մասնակցել, պատկերացում չունի։ Մարդն այս ամբիոնից հայտարարեց,  որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Հիմա դուք այդ ծայրահեղ ծանր վիճակի հասցրած կառավարության օրենսգիրքը բերել, ասում եք՝  այս օրենսգրքով կշարունակես։ Գուցե հարկային քաղաքականության լրիվ այլ կոնցեպտ է ներկայացնում։  Հասկանանք, որ սա աննախադեպ է, բերել եք նոր վարչապետ՝ նոր տնտեսական թիմով, որը հայտարարում է, որ աշխատում է  իր ծրագրի վրա, և այդ ընթացքում դեմ եք տալիս գործիքավորում, որով պետք է նա աշխատի։ Սա ինձ համար անհասկանալի է, և շատ ժամանակավրեպ եմ համարում։ Ես դեմ եմ, կսպասեմ վարչապետի ծրագրին, որից հետո իր միջոցով կփորձեմ հարցերիս պատասխանը ստանալ»,- հայտարարեց Ա. Արզումանյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, արձագանքելով պատգամավորի դիտարկումներին, ասաց. «Վարչապետի ձեռքերը կապված չեն, շատ ազատ են, վարչապետին օդից չենք բերել, նա մեր քաղաքական թիմի անդամ է։ Ավելին, նոր կառավարությունը  հին կառավարությունների տրամաբանական շարունակողն է, որովհետև 1999-ից հետո պատասխանատուն  ՀՀԿ-ն է, և մեծամասնությունն է այս Հարկային օրենսգրքի տերը»։

Տեսանյութեր

Լրահոս