«Մենք չենք սպասելու, որ մարդիկ գան քաղաքապետարան և դիմեն խնդիրներով, մենք ինքներս ենք գնալու մարդկանց մոտ». Քրիստ Մարուքյան
«Վանաձորցիների տրամադրությունը շատ դրական է, վստահության բավական լուրջ ալիք կա մեր նկատմամբ, որը կվերածվի հաղթանակի։ Մնում է՝ հասցնենք հոկտեմբերի 2-ին տեղամասերում ձայները պահել, ինչը պարտավորվել ենք մեր հանդիպումների ընթացքում, որ բոլոր տեղամասերում կունենանք վստահված անձինք, արագ արձագանքման խումբ, ու մարդկանց վստահեցրել ենք՝ իրենց քվեարկությունը հաստատ տեղ է հասնելու և ունենալու է իր դրական ազդեցությունը Վանաձորի փոփոխությունների վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է:
Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանական ուժի՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Մամիկոն Ասլանյանի ինքնավստահությունը, որը 168.am-ի հետ զրույցում ասել էր. «ՀՀԿ-ն է հաղթելու, ես եմ հաղթելու», Ք. Մարուքյանը պատասխանեց. «Մեկնաբանել չեմ ցանկանում, բայց երևի իշխանական ռեսուրսները նկատի ունի՝ մտածելով, որ դա արդյունավետ է, բայց կապրենք՝ կտեսնենք»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Վանաձոր քաղաքի խնդիրների 80%-ը վերաբերում է վատ կառավարմանը, հետևաբար, ըստ նրա՝ կառավարման համակարգի փոփոխությունները լուրջ առաջընթաց կապահովեն թե՛ առկա ռեսուրսների կառավարման ու առկա ռեսուրսներով փոփոխություններ բերելու առումով, և թե՛ դրսի կազմակերպություններին, անհատ ներդրողներին ուղերձներ ուղարկելու առումով, որ Վանաձորում իրավիճակ է փոխվել ու հնարավոր է ներդրումներ անել՝ առանց որևէ բյուրոկրատական քաշքշուկի, «փայ մտնելու» կամ խանգարելու դրսևորումների։
«Մենք կօգտագործենք և՛ ներքին ռեսուրսները, և՛ կունենանք արտաքին գործընկերային նորմալ հարաբերություններ, որի հետևանքով կշահի Վանաձորը, որտեղ կսկսեն տեղի ունենալ դրական փոփոխություններ։ Դա վերաբերում է թե աղբահանությանը, թե կանաչ գոտիների վերականգնմանը, թե ճանապարհների վերանորոգմանը, և թե մնացած բոլոր բնագավառներին»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք, թե վանաձորցիների հետ շփվելու ընթացքում ի՞նչ հիմնական բողոքներ են եղել, մարդիկ ի՞նչ փոփոխություններ են ակնկալում։
«Ծայրամասային թաղամասերն ընդհանրապես լքված կարգավիճակում են գտնվում՝ թե տրանսպորտի առումով, թե ենթակառուցվածքների առումով։ Միևնույն ժամանակ, այն ծառայությունները, որոնք պետք է սպասարկեն տվյալ հատվածը, բացակայում են։ Խաղահրապարակների բացակայությունը, լուսավորության բացակայությունը, թափառող կենդանիների վտանգը… նմանատիպ խնդիրները բազում են բոլոր ծայրամասային թաղամասերում, ինչպես նաև՝ կենտրոնում։ Հետևաբար, տեղյակ լինելով քաղաքի խնդիրներին, բայց ևս մեկ անգամ լսելով այդ ամենը մարդկանցից՝ ուղղակի շփման միջոցով, մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ այս ամիսների ընթացքում եղած խնդիրներն էլ ավելի են խորացել։ Պարզապես մարդկանց ներկայացրել են ինչ-որ նախընտրական խոստումներ, որոնք այլևս հավատ չեն ներշնչում, ու մարդիկ չեն պատրաստվում փոքր բաներով զիջել քաղաքի զարգացումը»,- պարզաբանեց նա։
Քրիստ Մարուքյանը նշեց, որ վանաձորցիների հետ արդեն կա պայմանավորվածություն, որ ընտրվելու դեպքում իրենք աշխատելու են ոչ թե կաբինետային չինովնիկի կերպարով, այլ հասանելի բոլոր թաղամասերի բնակիչների համար. «Մենք չենք սպասելու, որ մարդիկ գան քաղաքապետարան և դիմեն խնդիրներով, մենք ինքներս ենք գնալու մարդկանց մոտ՝ հասկանալու նրանց խնդիրներն ու միասին լուծելու դրանք։ Նաև ուզում ենք փոխել ՏԻՄ-ի ու բնակիչների միջև հարաբերությունը, որ մարդիկ այն ընկալեն՝ որպես ծառայություն մատուցող կառույց, և իրենք դառնան գործատու, իսկ մենք՝ ՏԻՄ-ը ղեկավարողներս, դառնանք նրանց աշխատողը»։
Փորձեցինք պարզել՝ ո՞ր ուժի ներկայացուցչին է տեսնում՝ որպես հիմնական մրցակից։ «Հիմնական մրցակից հենց սկզբից էլ դիտել ենք ՀՀԿ-ին, որովհետև այս պահին այդ կուսակցությանն է պատկանում քաղաքի կառավարման պատասխանատվությունը։ Եվ քանի որ 17 տարիների ընթացքում նրանք չեն դրսևորել պատասխանատու վերաբերմունք քաղաքի նկատմամբ, հետևաբար՝ մեր մրցակցությունը նրանց հետ է, որպեսզի փոխվի քաղաքում իշխանությունը, և այլևս թույլ չտանք նման անարդյունավետ կերպով քաղաքը կառավարել»։