Բաժիններ՝

«Ռուսաստանի ուղղաթիռներն» Ադրբեջանում բացում է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում կստեղծեն «Մի-8/17» տիպի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։

«Ադրբեջանը ԱՊՀ տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների հիմնական շահագործողներից է: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այս երկրում սպասարկման կենտրոնի բացման մեր որոշումը։ Հետագայում մենք ծրագրում ենք ընդլայնել Ադրբեջանում ուղղաթիռների վերանորոգման մեր կենտրոնի հնարավորությունները և իրականացնել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռների վերանորոգում»,- ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրենի՝ հետվաճառքային սպասարկման հարցերով տեղակալ Իգոր Չեչիկովը։
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը «Օբորոնպրոմ» ընկերության դուստր ընկերությունն է (մտնում է «Ռոստեխի» կազմի մեջ):

Հոլդինգն ստեղծվել է 2007 թվականին, այն միավորում է 5 ուղղաթիռային գործարան, 2 կոնստրուկտորային բյուրո և այլն։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել էր, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն:

«Կա մեծ հետաքրքրություն, ինչը վերաբերում է ինքնաթիռների մատակարարումներին, ռուսական արտադրության մասերի նկատմամբ` Ադրբեջանում ինքնաթիռների հավաքումն իրականացնելու համար: Բաքվում կբացվի հավաքման ավիացիոն գործարան»,- ասել է Ռոգոզինը:

Նա հայտնել էր նաև, որ Բաքվում կստեղծվի նաև ուղղաթիռային կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս