«Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններն ուղիղ ազդեցություն չեն ունենա ԼՂ հակամարտության վրա». Սկակով

Այսօր Ադրբեջանում անց է կացվում Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն: Ուշ երեկոյան արդեն հայտնի կդառնան հանրաքվեի նախնական արդյունքները, իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 21-ը: Ինչպես հայտնի է, փոփոխությունները նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնց թվում նախատեսվում են առաջին փոխնախագահի ու փոխնախագահների պաշտոններ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ ընդլայնվելու են նախագահի լիազորությունները, ով իրավունք է ստանում նշանակել ու պաշտոնից հեռացնել փոխնախագահներին՝  առանց որևէ կառույցի հետ համաձայնեցնելու: Եթե նախագահն ի վիճակի չլինի կատարել պետության ղեկավարի իր պարտավորությունները, նրա լիազորություններն անցնելու են առաջին փոխնախագահին: Իսկ եթե վերջինն էլ ի վիճակի չէ կատարել պետության ղեկավարի լիազորությունները, դրանք անցնում են վարչապետին:

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի լիազորությունները նման դեպքերում անցնում են վարչապետին: Առաջարկվում է նաև վերացնել նախագահի պաշտոնի թեկնածուի համար նվազագույն տարիքային շեմը, որը հիմա 35 տարեկանն է սահմանված: Ըստ տարածված ու տիրապետող կարծիքների՝ Ալիևն այս փոփոխություններով ամրապնդելու է իր բռնատիրությունը՝ փորձելով  ապահովել իր ընտանիքի ներկայությունը նախագահական աթոռին՝ առանց  սահմանադրական խնդիրների։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ կասկած չունի, որ փոփոխությունները հաստատվելու են հանրաքվեի արդյունքում, քանի որ այս հանրաքվեն պարզապես իրական հանրաքվեի իմիտացիա է լինելու։ «Վստահ չեմ, որ Ադրբեջանի հասարակությունը, որն այսօր լուրջ խնդիրների է բախվում երկրի ներսում, ցանկանում է տեսնել լիազորությունների ընդլայնում Ալիևի համար, թեև նրան սնում են նրանով, որ այս ամենի փոխարեն՝ հասարակությունը ստանում է մի շարք այլ առավելություններ։ Իրականում, ակնհայտ է, որ Ալիևին բավարար չէ այն իշխանությունը, որը նա ունի, քանի որ վտանգ է զգում, ուստի ձգտում է վերացնել այն բոլոր վտանգները, որոնք կարող են սպառնալ իր միանձնյա իշխանությանը։

Պարզ է նաև, որ այս փոփոխություններով ող իշխանությունը հայտնվելու է Ալիևի ընտանիքի ձեռքում, բայց ասել, որ դրանով ավարտվելու են զարգացումներն Ադրբեջանում, դժվար է, քանի որ ճնշումներն էլ ավելի մեծ հակազդեցություն են բարձրացնում, հատկապես, երբ կան դժգոհություններ երկրում իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։ Այս փոփոխություններն անկասկած անկայունության նոր ալիք են դառնալու Արդբեջանի համար»,- նման տեսակետ հայտնեց Սկակովը։

Կարդացեք նաև

Հարցին, թե այս փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ այս հարցում Ադրբեջանի նախագահը կաշկանդված չէ։

«Ասել, որ այս փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, սխալ կլինի, քանի որ Ադրբեջանի նախագահն այս հարցում միանձնյա քաղաքականություն է վարում, տեսանք նաև այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսին, որը բավականին անսպասելի ու վտանգավոր զարգացում էր։ Նման զարգացումների վտանգը չեզոքացած չէ, բայց չեմ կարծում, որ այս փոփոխությունների հետևանքով իրավիճակն էլ ավելի վատթարանա։ Ես կանխատեսում եմ Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների էլ ավելի վատթարացում այս փոփոխությունների հետևանքով, քանի որ դրանք քննադատվում են արևմտյան հանրության կողմից, որն էլ ավելի անարդյունավետ գուցե դարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որում աշխատում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։ Կանխատեսում եմ նաև ներքին տրամադրությունների լարում, որը ևս կարող է անդրադառնալ շփման գծում տիրող իրավիճակի վրա»,- նման կարծիք հայտնեց ռուս փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս