«Դա իմ որոշումը չէ, ինչ կլինի՝ կլինի». Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօրվա ասուլիսին հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե նախորդ տարի նրան առաջարկե՞լ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, և եթե հիմա նման առաջարկ լինի՝ կընդունի՞, թե՞ ոչ։

«Սա չի մտնում մեր ասուլիսի թեմայի մեջ. ես չեմ պատասխանի։ Դա իմ որոշումը չէ, ինչ կլինի՝ կլինի»,- ասաց նա։

168.am-ը հետաքրքրվեց՝ իսկ այն փաստը, որ Հայաստանից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ի՞նչ կտա Հայաստանին։

«Պետք է հստակ հասկանան՝ ինչ կտա, մյուս կողմից էլ՝ չպետք է մտածենք, թե դա… քարտուղարը գործում է՝ ըստ կանոնադրության, պայմանագրի շրջանակներում։ Ինքը կարող է այդ շրջանակներում ավելի էֆեկտիվ դարձնել այդ կազմակերպությունը, ու Հայաստանի տեսանկյունից՝ լուծել այն խնդիրները, որոնք կապահովեն մեր անվտանգությունը։ Այդ պաշտոնը նման հնարավորություն տալիս է։ Դրա համար Ադրբեջանն ու մյուս պետություններն ամեն ինչ անում են, որպեսզի դա չլինի»,- պատասխանեց նա։

Փորձեցինք նաև հասկանալ՝ ի՞նչ տվեց Հայաստանին ՀԱՊԿ նախագահող երկիր լինելը։

«Դա ունենում է ազդեցություն։ Այլ փաստարկ չբերեմ, միայն այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին։ 1993թ.-ին նա մտավ ՀԱՊԿ ու 1995թ.-ին դուրս եկավ, ես այդ նիստին մասնակցում էի, երբ Ալիևը հարց դրեց, թե մտել են ՀԱՊԿ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի, բայց քանի որ չի լուծվում, իրենք դուրս են գալիս։ Դրա համար սա ունենում է ազդեցություն։ Այն, որ Տիգրան Սարգսյանը նման պաշտոն ունի, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, ուժեղացնում է մեզ։ Դա մեզ լծակներ է տալիս, որոնք օգտագործելու ենք, բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը։ Ադրբեջանն այդպիսի լծակ չունի, նա ունի մի լծակ՝ Թուրքիան»,- պարզաբանեց Վ. Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս