Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տվել. տարբեր ուղղություններով առաջարկներ ստացել է

«Ով ցանկություն ունի, կարող է մտնել իմ աշխատասենյակը և տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը: Ես կատարում եմ իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե ինքը հրաժարական է ներկայացրել:

Ըստ նրա` ինքը պաշտոնակատար է, կառավարության ձևավորումը կատարվում է նախագահի հրամանագրով` վարչապետի առաջարկությամբ. «Այս պահին ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար եմ և շարունակելու եմ աշխատել այնքան, մինչև չի եղել նոր հրամանագիրը»:

Սակայն Ա.Մինասյանը հաստատեց, որ իրեն առաջարկ է եղել տարբեր ուղղություններով. «Ես` որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ մտադիր դարձնել ՀՅԴ Գերագույն մարմնում, որից հետո կլինի պատասխան»:

Անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարների և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև նկատվող լարվածությանը` Ա.Մինասյանը նշեց, որ բնականոն աշխատանքային գործընթաց է, չկա որևէ լարվածություն, խնդիր այդ առումով. «Ես վստահ եմ` թե՛ ՀՅԴ Գերագույն մարմինը, թե՛ ՀՀԿ ղեկավար մարմինը հստակ և պարզ այդ համաձայնագիրը կյանքի կոչելու անհրաժեշտ կամք ունենք, գնում ենք առաջ, չկա որևէ տարաձայնություն այդ նպատակների մասով: Թվացյալ լարվածությունը, ինձ թվում է, որոշակի առանձին հատվածների ցանկությունն է, քան կա: Մենք բնականոն աշխատանքային կյանքի մեջ ենք»:

Ա.Մինասյանն իր հերթին՝ հարցադրում արեց, թե՝ ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն բաց և քննարկումների ձևով. «Չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ: Ես իսկապես շնորհակալ եմ, որ վարչապետն ունի հստակ տեսակետ՝ բիզնես հատվածի բեռն առավել թեթևացնելու, բյուրոկրատիան նվազեցնելու»:

Դիտարկմանը, որ նախկինում Կարեն Կարապետյանի մասին Մինասյանն արտահայտվել է, որ նա լավ մենեջեր, բայց վատ քաղաքական գործիչ է, Ա.Մինասյանը նշեց, որ հայտարարությունն արվել է, երբ Կարեն Կարապետյանը քաղաքապետ էր:

Տեսանյութեր

Լրահոս