Գատչինայում կայացել է հրամանատար Անդրանիկ Գրիգորյանի հիշատակի հանդիսություն

Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Գատչինա քաղաքի հասարակայնությունը հարգանքի տուրք մատուցեց Լենինգրադի պաշտպանության համար մղված մարտերում սխրանքներ գործած, զինվորական հետախուզական ջոկատի հրամանատար Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-­ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը այսօր կրում է մեր հայրենակցի անունը, իսկ հարևանությամբ գտնվող շենքի ճակատին փակցված է նրա դիմաքանդակը: Այստեղ էլ տեղի ունեցավ խիզախ հրամանատարի ծննդյան 110-­ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն, որին ներկա էին նաև նրա որդին, հայ համանքի ներկայացուցիչները և այլք:

Անդրանիկ Գրիգորյանը մասնակցել է ֆինների դեմ մղված պատերազմին, այնուհետև քաղաքի մատույցներում հերոսաբար կռվել է երկիր ներխուժած ֆաշիստների դեմ: Շատ կարևոր հերթական մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հրամանատարը և նրա ջոկատի կենդանի մնացած հետախույզները, նահանջելիս անհավասար մարտի են բռնվում գերմանացիների հետ, որոնց էլ հաջողվում է նրանց գերի վերցնել: Ֆաշիստները սկզբում հրապարակավ կախաղան են բարձրաձնում Անդրանիկ Գրիգորյանին, ապա գնդակահարում են նրա մարտական ընկերներին:

Հայ հետախույզի լուսավոր կերպաը անմահացրել են «Արցունքներն աչքերին», փաստավավերագրական կինոնկարի հեղինակները (սցենարի հեղինակ՝ Յուրի Կարապետյան, ռեժիսոր Համլետ Հայրապետյան), որոնց հաջողվել է ճշմարտացի արտացոլել իրենց կինոպատմության յուրաքանչյուր հուզիչ տեսարանն ու դրվագը: Հավելենք նաև, որ անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 18­ին Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սբ Կատարինե եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում ցուցադրվեց միջազգային կինոփառատոնի դիպլոմի արժանացած «Արցունքներն աչքերին» կինոնկարը, որն հանդիսատեսին հուզեց ու հպարտության զգացումներ առաջ բերեց:

Տեսանյութեր

Լրահոս