Բաժիններ՝

Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք՝ նվիրված ՀՀ Անկախության 25­-րդ տարեդարձին

Հայաստանի Հանրապետության անկախության 25­-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը Գեղարքունիքի մարզում սկսվեց Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում կատարված Հանրապետական Մաղթանքով, որը մարզի հավատավոր ժողովրդին եւ պետական այրերին հղեցին մարզի հոգեւոր դասի բոլոր անդամները՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ` Հանրապետական Մաղթանքին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմը, Գեղարքունիքի մարզի իրավապահ մարմինների ղեկավարներ, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի հավատավորներ: Հանրապետական Մաղթանքը մարզի հավատավորներին հղվեց երեկոյան Ժամերգության ավարտին:

«Մենք ծունր դրած աղոթեցինք, որ մեր երկիրը միշտ խաղաղ ու Սուրբ Խաչի հովանու ներքո մնա, որ Տերն ուժ տա մեր երկրին ու ժողովրդին, ծունր դրած աղոթեցինք, որ մեր երկիրն ապրի ստեղծագործ զորությամբ, որ մեր հայրենի եզերքն ապրի ապահով, զինվի հոգեւոր ուժով, որ մենք էլ կարողանանք արարել այնպես, ինչպես մեր պապերը, ովքեր աչք չէին դնում ուրիշ ազգերի ունեցվածքին, այլ ստեղծում էին սեփական արժեքները: Հայաստանի Հանրապետության անկախության 25-­րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ յուրաքանչյուր հայ մարդու սրտի եւ հոգու տոնը: Ամեն մի հայ, աշխարհի որ անկյունում էլ լինի, պետք է հպարտանա իր պետականությամբ ու ժողովրդով: Աստված թող օրհնի մեր պետությանը, մեր ազգին, բոլոր նրանց, ովքեր տքնել ու տքնում են Հայոց երկրի խաղաղության ու շենացման համար»,-­ մաղթանքի իր խոսքը հղեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս