ՉՇ-­ում Ադրբեջանի նախագահությունը կխրախուսի ԼՂ ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված քաղաքականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 17­-18-­ը Վենեսուելայում դիտորդի կարգավիճակով մասնակցել է Չմիավորման շարժման (ՉՇ) երկրների 17-­րդ գագաթնաժողովին և դրան նախորդած ԱԳ նախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Գագաթաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՉՇ նախագահող, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, ով երեք տարվա նախագահությունը փոխանցեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին։

ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած իր ելույթում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը հանդիսանում է Չմիավորման շարժման հիմնասյուներից մեկը: Փոխնախարարի խոսքերով՝ ՉՇ­ը սկզբունքային դիրքորոշում ունի նաև միակողմանի պատժամիջոցների և տնտեսական շրջափակումների դեմ, որոնք հատկապես ծանր բեռ են դառնում դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Այդ համատեքստում խոսվեց Թուրքիայի կողմից Հայաստանի միակողմանի ցամաքային շրջափակման անթույլատրելիության մասին։

Աշոտ Հովակիմյանը նշեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կարող է ապահովել հակամարտության կարգավորման էական առաջընթաց։ Այդ առումով նա անթույլատրելի համարեց, որ մի քանի տարի առաջ ՉՇ անդամ դարձած Ադրբեջանը տարածում է իրականությանը և բանակցային գործընթացին հակասող տեղեկատվություն՝ խեղաթյուրելով ԼՂ հակամարտության էությունը և ներքաշելով Շարժումն իր քաղաքական շահարկումների դաշտ։ Փոխնախարարը կոչ արեց ՉՇ բոլոր այն անդամներին, որոնք դիտում են ինքնորոշման իրավունքը որպես մարդու իրավունքների հիմնարար սկզբունք, պաշտպանելու այդ իրավունքի իրագործումը ոտնահարումներից և վերջ տալու այն թերի գործելաոճին, երբ ՉՇ անդամ երկիրը քննարկման է դնում դիտորդ երկրի կենսական շահերի դեմ ուղղված խնդիրներ՝ առանց վերջինի մասնակցության։

Փոխնախարար Հովակիմյանը ելույթով հանդես եկավ նաև գագաթաժողովի լիագումար նիստում՝ արձագանքելով 2019թ. Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահությունը ստանձնելու որոշմանը։ Ըստ փոխնախարարի՝ այդ երկիրը մեծապես խախտում է ՉՇ նպատակները, սկզբունքները և արժեքները՝ ծառայեցնելով կազմակերպությանն իր անդամակցությունը և այժմ էլ՝ ապագա նախագահությունը իր նեղ քաղաքական շահերին՝ շարունակելու հակահայկական քարոզչությունը և խոչընդոտներ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացին։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից վերջին տարիներին և, հատկապես ապրիլյան դեպքերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված ոճրագործությունները՝ փոխնախարարը պնդեց, որ Ադրբեջանի կողմից ՉՇ նախագահության ստանձնումն այդ երկրին միայն կխրախուսի շարունակելու իր ոչ կառուցողական կեցվածքը բանակցային գործընթացում և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ ուղղված ագրեսիվ քաղաքականությունը։

Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Վենեսուելայի ԱԳ նախարարի տեղակալ Սամուել Մոնկադայի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին հայ­վենեսուելական երկկողմ հարաբերությունների հեռանկարները և միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորությունները։

Կարակասում ԱԳ փոխնախարարը այցելեց Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայկական կենտրոն, ծաղկեպսակ զետեղեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան­կոթողին, հանդիպում ունեցավ վենեսուելահայ համայնքի ներկայացուցիչների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս