Բաժիններ՝

Դիլիջանի և Մասիսի երիտասարդները կգործակցեն

Մասիսի երիտասարդները հյուրընկալվեցին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որի անդամները կիսվեցին նրանց հետ կրթական եւ այլ ծրագրերի իրականացման ոլորտում ձեռք բերած փորձով: Հանդիպումը կայացավ Adibekyan Family Foundation for Advancement և Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամների աջակցությամբ:

«Դիլիջանի համայնքային կենտրոնը գործում է ավելի քան երկու տարի: Այս ընթացքում մենք ֆակուլտատիվ, արտադասարանային ուսուցման հարթակից սոցիալական նախագծերի աջակցության և զարգացման կենտրոնի ենք վերածվել: Մեր նպատակն է աջակցել Դիլիջանում այնպիսի հասարակության ձևավորմանը, որը մտահոգ է սեփական համայնքի կյանքով և պատրաստ է միավորել ջանքերը այն փոփոխելու համար: Ուրախ ենք մեր փորձով կիսվելու և մեր շարքերում համակիրներ տեսնելու համար», – ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Վասիլի Բարդադիմովը:

Դիլիջանի համայնքային կենտրոնի ակտիվ անդամները Մասիսից եկած հասակակիցներին պատմեցին Կենտրոնի կրթական ծրագրերի և մանկական հաստատությունների հետ փոխգործակցության իրենց փորձի մասին: Նրանք նաև ներկայացրեցին տեղեկատվական ոլորտում իրենց կատարած աշխատանքի` տեղական ռադիոյի և թերթի ստեղծման արդյունքները ու ոգևորեցին հյուրերին նախաձեռնել և իրականացնել իրենց քաղաքի կյանքի բարելավելմանն ուղղված ծրագրեր:

Երիտասարդները նաև այցելեցին Scholae Mundi Armenia հիմնադրամի սոցիալական ձեռներեցության նախագծերից մեկը, որն ուղղված է Դիլիջանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Նրանք եղան նաև Cafe #2 սրճարանում և հանդիպեցին այնտեղ աշխատող դեռահասներին: Քաղաքի երիտասարդությունը սրճարանի «տերն» է. երիտասարդները աշխատում են այստեղ՝ յուրացնելով մատուցողի, բարմենի և այլ մասնագիտություններ:

«Մենք սկսեցինք Դիլիջանում սոցիալական նախաձեռնություններին աջակցությունից, իսկ այժմ Մասիսի երիտասարդական կենտրոն ենք հիմնում: Այն ոչ միայն դպրոցականների ունակությունների զարգացման համար լրացուցիչ կրթական հարթակ կդառնա, այլև երիտասարդությանը քաղաքային կյանքի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների քննարկման մեջ ներգրավելու հնարավորություն կտա: Մեր հիմնադրամը կանի ամեն ինչ, որպեսզի ապագայում Հայաստանի տարբեր քաղաքների երիտասարդական կենտրոնների միջև կապերը սերտանան՝ փորձի և գիտելիքի արդյունավետ փոխանակման նպատակով, և այսօր մենք կատարեցինք Հայաստանի փոքր քաղաքների՝ Դիլիջանի և Մասիսի երիտասարդական կենտրոնների միջև համագործակցության զարգացման առաջին քայլը, որն ուղղված է երկրի տարբեր ծայրերի երիտասարդ տաղանդների համախմբմանը»,-նշեց Adibekyan Family Foundation for Advancement հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը:

«Ուրախ ենք ողջունել բացմանը նախապատրաստվող Մասիսի երիտասարդական կենտրոնի պատվիրակությանը: Սա համագործակցության միայն սկիզբն է: Հրաշալի է, որ երիտասարդների շրջանում սոցիալական պատասխանատվություն սերմանող երիտասարդական կենտրոնները Հայաստանում ավելանում են: Կրթված, ինքնավստահ, նախաձեռնող, եռանդուն և մոտիվացված երիտասարդները Հայաստանի ապագան են», – ընդգծեց Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Scholae Mundi Armenia-ն բարեգործական հիմնադրամ է, որի հիմնադիրները գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են: Scholae Mundi-ի հարթակը միավորում է Scholae Mundi Armenia-ն, Scholae Mundi Russia և Scholae Mundi UK բարեգործական հիմնադրամները, որոնք  ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում են կրթության ոլորտի առավել առաջատար մոտեցումների տարածմանը: Այս երեք հիմնադրամների գործունեության գլխավոր ուղղությունը աջակցությունն է կրթության, արվեստի ու մշակույթի, սոցիալական և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև հանգստյան գոտիները սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման նախագծերին:

Առավել մանրամասն՝ www.scholaemundi.org կայքում:

Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից: Հիմնադրամը Հայաստանում, Ռուսաստանում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում նախաձեռնում է բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են մարդկանց և երկրների միջև մշակութային և գործարար կապերի ամրապնդմանը: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է սոցիալական և խաղաղարար նախագծերի աջակցությանը, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը և Հայաստանի փոքր քաղաքների զարգացմանը: 2015թ. Adibekyan Family Foundation for Advancement-ը հիմնեց Մասիսի զարգացման հիմնադրամը, որի հիմնաքարը քաղաքի վերածնունդն ու զարգացումը և սոցիալական, տնտեսական ու մշակութային զարգացման ապահովումն է:

Առավել մանրամասն՝ www.affa.lu կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս