ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթել է 161 համայնքում

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են 161 համայնքներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին:

«Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել և պաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթել են»,- հայտնեց Թադևոսյանը:

ՀՀԿ-ական թեկնածուները  պարտվել են շուրջ 20 համայնքում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը դա նորմալ երևույթ է համարում, քանի որ դա տեղի է ունեցել արդար մրցակցության պայմաններում:

Ռուբեն Թադևոսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն ավարտված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտություն է կրել: Նրա խոսքով՝ դա իրականության հետ որևէ կապ չունի, և դրա մասին են վկայում արձանագրված արդյունքները:

Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, եթե համեմատեն այլ կուսակցությունների ներկայացվածությունն ու արձանագրված արդյունքները, իրականությունը պարզ կդառնա բոլորի համար: 

Տեսանյութեր

Լրահոս