Հեռու արտաքին քաղաքականությունից
Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը, թերևս, ամենակարևոր հարցն է, որից կախված են թե՛ ներքին քաղաքական, թե՛ տնտեսական զարգացումները։ Սակայն հենց այդ հարցը, կարծես, ընդհանուր համաձայնությամբ, մատնվում է լռության։ Նորանշանակ վարչապետն արդյոք պե՞տք է և ունա՞կ է վերանայել արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Այս հարցը երեկ ուղղեցինք խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով` դա կախված է ՀՀ նախագահի և վարչապետի պայմանավորվածությունների տրամաբանությունից ու բովանդակությունից. «Արտաքին քաղաքականությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի մեր երկրի դիմադրողականությունն արտաքին խնդիրներին ավելի ուժեղ լինի։ Կոնկրետ ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է»։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում պետք է լինեն փոփոխություններ։ Սակայն, ըստ նրա, նոր վարչապետը դրան ունակ չէ. «Այն, որ տվյալ վարչապետն ունակ է այդպիսի փոփոխություններ իրականացնել, ես չեմ հավատում և համոզված եմ, որ չի կարող։ Ունակությունը պայմանավորված է նաև իր նշանակմամբ` իրեն նշանակել են օտար պետության կողմից»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` վարչապետին ընդհանրապես մոտ չեն թողնելու արտաքին քաղաքականությանը, առավել ևս` նոր Սահմանադրությամբ «շիլաշփոթ» իրավիճակ է ստեղծվել, պարզ չէ` ով է պատասխանատու արտաքին քաղաքականության համար, ով է պատասխանատու պաշտպանության համար։
Ըստ նրա` Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, իհարկե, ինչ-որ չափով նշանակություն ունի տնտեսության զարգացման համար, բայց անվտանգության և պաշտպանության խնդիրներն ունեն առաջնայնություն, և շատ հաճախ որոշումներն ընդունվում են ոչ թե` տնտեսագիտական հաշվարկներից ելնելով, կամ տնտեսական զարգացման, այլ անվտանգության ապահովման խնդիրների պայմանավորմամբ.
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ անվտանգությունն ապահովված չէ, բայց դա ոչ թե արտաքին քաղաքականության, այլ առաջին հերթին` այն արատավոր համակարգի հետ է կապված, որ Հայաստանում ստեղծված է` կոռուպցիա, ընտրակեղծարարություն, մենաշնորհներ և այլն»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն և երաշխավորը հանրապետության նախագահն է, բայց բնական է, ՀՀ վարչապետը չի կարող մասնակցություն չունենալ արտաքին քաղաքականությանը. «Արտաքին քաղաքականությունը միայնակ լուծելու խնդիր չէ, որ թողնեն միայն վարչապետի կամ նախագահի վրա։ Բայց կառավարությունն ու առավել ևս` վարչապետը պետք է իրենց մասնակցությունն ունենան արտաքին քաղաքականության մեջ»։ Վ.Բաղդասարյանի կարծիքով` Հայաստանը ճիշտ ուղի է ընտրել, և պետք է կյանքի կոչել այն։
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ այսօր առաջին կարևորագույն խնդիրներից մեկը տնտեսական վիճակի փոփոխությունն է. «Այս փուլում, օրինակ, ԵՏՄ հետ պոտենցիալը կա, որը, սակայն, չի օգտագործվում։ Սա նույնպես արտաքին քաղաքականություն է, և պետք է քայլեր արվեն, բայց ոչ` ի օգուտ ԵՄ-ի։ Մենք միակ երկիրն ենք ԵՏՄ-ում, որ ԵՄ-ի հետ տնտեսական արտոնություններ ունի։ Բայց դա էլ չի օգտագործվում։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի կամուրջ դառնալու պոտենցիալի մասին բազմիցս խոսվել է, նորույթ չի։ Պետք է իրագործել»։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` արտաքին քաղաքականության մեջ հիմնական հայեցակարգային դրույթները հստակեցված են` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, որոնց հետ կապված` իրենց ստորագրած հուշագրում արձանագրումներ կան.
«Կարծում եմ` արտաքին քաղաքականությունը լիովին պետք է համապատասխանի հենց այդ հուշագրով մեր արձանագրած ուղղություններին, և քայլեր կատարվում են, որ հասցնեն նպատակներին։ Հարցն այն է, թե ինչ ինտենսիվություն և նոր թափ է պետք հաղորդել դրան, որի անհրաժեշտությունը կա»։ ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին անդրադառնալով` Ա.Ռուստամյանը նշեց, որ «և-և»-ը հնարավոր է դառնում.
«Եվրոպացիների կոշտ պահանջները կարծես այլևս չկան, հասկանում են, որ ստեղծված իրավիճակից բխած քայլերը, ԵՏՄ-ի հետ մերձեցումը հնարավորություն են տալիս շարունակել նույն տեմպով եվրոինտեգրման գործընթացը, որ վերաբերում է մեր արժեհամակարգին` ժողովրդավարական, մարդու իրավունքներ, իրավական պետության հարցեր, և այլն։ Սահմանափակումները վերացել են, և դա հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ԵՏՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնել»։