«Ո՞վ է այդ Քրիստոսը, Ռոբին Հուդը կամ Աճեմօղլուն… չկա նման մարդ, որ շողուլի բերի այս տնտեսությունը, չկա»
Մեր զրուցակիցն է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը
– Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ Կարեն Կարապետյանն իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, իսկ նորանշանակ վարչապետն ասում է, որ տնտեսությունը շատ արագ փոխելու սպասելիքներ չեն լինելու: Կա՞ այստեղ հակասություն, և ինչպե՞ս եք դա բացատրում:
– Իրենց հարցրեք, դրեք իրար կողքի, թող իրենք պատասխանեն: Չգիտեմ: Համենայն դեպս, ես տեսակետի առումով ավելի մոտ եմ վարչապետի ասածին, որովհետև խոստում տալու տեղ չկա, քանդվել է երկիրը, տնտեսություն չկա, մուտք չկա, բյուջե չկա, մենակ անցած ամիս 32 մլրդ դրամի պակաս գումար է հավաքագրվել, ծխախոտի սպառումը պակասել է, էներգիայի սպառումը պակասել է, խմիչքը պակասել է, առևտրաշրջանառությունը, սպասարկումների չափը պակասել են, բոլոր ցուցանիշներով մեր երկիրն արագընթաց ներքև է գնում: Ո՞վ է այդ Քրիստոսը, Ռոբին Հուդը կամ Աճեմօղլուն… չկա նման մարդ, որ շողուլի բերի այս տնտեսությունը, չկա: Որովհետև ոչ թե՝ չկա այդ մարդը, ով չի կարող, այլ չկա այդ համակարգը, որ կարող է հնարավորություն տալ այդ մարդուն տնտեսությունը կարգի բերելու: ՀՀԿ անդամների գովազդի շքերթը և Սերժ Սարգսյանի ներկայացումը դրեք իրար կողքի, և ստացվում է, որ Հայաստանը շուտով թռնում է տիեզերք, Վասյուկի, Սինգապուր ենք կառուցում, նոր էպոխա է սկսվում Հայաստանում…
Այդ մարդկանց ասածի վրա սառը ջուր լցվեց: ՀՀԿ-ականներին հարցնում էի` դուք տեղյա՞կ եք՝ այդ մարդն ինչո՞ւ է գալիս, որևէ մեկը նրան քաղաքական պատվեր տվե՞լ է, ո՞րն է խնդիրը: Ա՞նձ ենք նշանակում, թե՞ ծրագիր: Ես կարծում եմ` անձից վեր պետք է լինի ծրագիրը, ՀՀԿ-ի ծրագիրը, որ գալիս է իրականացնելու Կարեն Կարապետյանը: Բանից պարզվում է, որ չկա առաջադրանք, չկա ծրագիր, որի համար գալիս է այդ մարդը վարչապետ աշխատելու: Եվ դեռ ՀՀԿ-ն չի ասել, թե ինչո՞ւ է Հայաստանում տեղի ունեցել վարչապետի փոփոխություն:
Կարեն Կարապետյանի թիկունքին պետք է լինի քաղաքական ծրագիր, որի տերը ՀՀԿ-ն է: Մի հարց կա այսօր` քաղաքական թիմն ի՞նչ պատվեր է իջեցրել իր վարչապետին: Վարչապետը պետք է ծրագիր ներկայացնի, բայց այն պետք է հաստատի Ազգային ժողովը, քաղաքական մեծամասնությունը: Եթե վաղը որոշվի, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տալիս, ու վարչապետի թեկնածուն նորից Հովիկ Աբրահամյանը կամ Տիգրան Սարգսյանն է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ 100%-ով, չհարցնելով, թե ինչու է սա կամ նա մեր թեկնածուն, կրկին կքվեարկեն: Սա է մեր դժբախտությունը:
– Կարեն Կարապետյանը գործունեություն է ծավալել «Գազպրոմում» և «Գազպրոմբանկում», որոնք կամ որոնց խումբն առաջնային հորիզոնականներ են զբաղեցնում արևմտյան պատժամիջոցների ցուցակում: Արդյոք Կարապետյանի աշխատանքային նախկին գործունեությունը բացասաբար չի՞ ազդի Հայաստանի վարչապետի պաշտոնում արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների վրա:
– Շատ բարդ հարց եք տալիս: Բոլոր դեպքերում, եթե չազդի էլ, չի ողջունվի: Պետք է ճշտել՝ այդ պատժամիջոցներն անձի՞ն են վերաբերում, թե՞ բանկին, որովհետև եթե բանկի գործունեությանն են վերաբերում, մի քիչ ուրիշ է, եթե կոնկրետ որպես պատասխանատու անձ է, դա մի քիչ ուրիշ է: Դրա համար այսպես միանշանակ չեմ կարող պատասխանել` դա կազդի՞, թե՞ ոչ:
– Ընդհանրապես, Կարեն Կարապետյանն ընկալվում է՝ որպես Ռուսաստանի «դեսպան» Հայաստանում, իսկ Արևմուտքում նրա նշանակումն ինչպե՞ս կընկալվի:
– Կա նման ընկալում, բայց ես համոզված չեմ, որ այդ տեսակետն է ճիշտ, դա տարբերակներից մեկն է, որի մասին խոսվում է, բայց կան նաև ուրիշ տարբերակներ, օրինակ` ոչ մեկը չգիտի` իրեն առաջարկել են դրսի՞ց, թե՞ ներսից, իսկ եթե, օրինակ, Սերժ Սարգսյանի՞ անձնական նախաձեռնությունն է նրան բերելը: Չեմ կարող ասել:
– Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանն այս ժամանակաշրջանում, երբ նոր կառավարության ձևավորմանը գրեթե 8 ամիս է մնացել, վարչապետ փոխեր:
– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե ոչ՝ հիմնական պատճառը, ապա՝ վարչապետների փոփոխությունը բերում է նոր քննարկումների, նոր հույսի, նոր ինտրիգների փուլ, որ հասարակությանը շեղում է հիմնական սոցիալական, քաղաքական խնդիրներից, և որոշ ժամանակ հասարակությունը զբաղված է լինում այդ թեմայով: Դա՝ մի վարկած: Մյուս վարկածն այն է, որ կարող է՝ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը գնում են ընտրական պրոցեսի, և սա թարմություն է բերում ընտրական պրոցեսներին մասնակցելու առումով: Եթե այդպես է, հնարավոր է, որ Կարեն Կարապետյանի միջոցով մի երկու լավ բան մատուցվի հասարակությանը, օրինակ` գազի գնի նվազեցում, որի մասին ես միշտ ասել եմ, որ կա այդ հնարավորությունը, և կարող է հանկարծ 5 դրամով էժանացնեն, մարդիկ ասեն` ինչ լավ է:
Չեմ կարող ասել՝ կոնկրետ ո՞րն է նրան նշանակելու մոտիվացիան, դեռ տեղեկություններս բավարար չեն, և ցանկացած վարկած ապրելու իրավունք ունի: Բայց, որ իր նշանակումով ոչ մի ռադիկալ փոփոխություն Հայաստանում չի լինելու, դրանում համոզված եմ: Նույնիսկ հասարակությունը ենթագիտակցորեն զգում է, որ ոչինչ չի փոխվելու, կա կոռուպցիոն համակարգ, կոռումպացված կառավարություն, որոնք սպասարկում են այստեղի կոռումպացված մասի շահը, իսկ այստեղի կոռումպացված մասը ենթակա է այնտեղի կոռումպացված մասին: Այսինքն` այսպես գողական կանոններով իրար պաս են տալիս, իրար, ախպեր ջան, իրար՝ բանկ ու վարկ, իրար՝ պարտք ու աջակցություն, չկա քաղաքական կյանք, չկա հասարակական կյանք, կուսակցական կյանք, և որևէ անձ չի կարող որևէ բան փոխել: Կարո՞ղ են իրենք լավ ընտրություններ անցկացնել: Եթե լավ ընտրություններ անցկացնեն, իշխանություններն անհետ կկորեն:
Նայեք Տարոն Աճեմօղլուի վերջին վերլուծությունը Հայաստանի մասին. մարդը պարզ բացատրում, վարչապետների համար ասում է, որ, եթե ուզում ես տնտեսություն զարգանա, պետք է ժողովրդավար լինես, ազատ ընտրություն անես, քաղաքացու սեփականության իրավունքը պաշտպանես, ազատ մրցակցության իրավունքը երաշխավորես, պետք է պաշտպանես դրանք իրավական համակարգով, դատարաններով, Դատախազությունով, որպեսզի մարդը պաշտպանված զգա, բիզնես դնի, փող ներկրի, առևտուր անի և տնտեսություն զարգանա: Այսինքն` եթե չունես դատարան և ազատ ընտրված իշխանություն, քաղաքական դաշտ, չես կարող բիզնես ունենալ: Աշխարհի գերակշիռ երկրների կարգը հետևյալն է` տնտեսությունը զարգանում է այնտեղ, որտեղ մարդն ունի ազատություններ: Այսինքն` ժողովրդավարական համակարգը հիմք է լավ տնտեսություն ունենալու:
Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, հենց Աճեմօղլուի վերլուծության համաձայն՝ առաջ անցան Ուկրաինայից, Մոլդավայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, որոնք գրեթե նույն մեկնարկային պայմաններում էին, որովհետև ընտրեցին ժողովրդավարական ճանապարհ, քաղաքացին սկսեց իրեն ազատ զգալ, իր գործունեության առումով` պաշտպանված, և այսօր միջինացված թվերով այդ նշածս առաջին խումբ երկրները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի առումով գերազանցում են մյուս խմբի երկրների ՀՆԱ-ին, թեպետ նույն անցումային շրջանն են ունեցել: Քաղաքացին այնտեղ 3 անգամ ավելի լավ է ապրում, որովհետև ժողովրդավարության արդյունքում են իրենք սկսել բիզնես անել: Այսինքն` որևէ վարչապետ ոչ դեմոկրատական համակարգում չի կարող տնտեսություն զարգացնել: