«Հայաստանի անցումը ռուսական համակարգին կհրամցվի՝ իբրև բարեփոխում ՀՀ քաղաքացիների համար». Լիլիթ Գևորգյան

«ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի փորձաքար, և գրեթե վստահորեն կարելի է ասել, որ այն չի փոխվելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։

Հարցին, թե իշխող ՀՀԿ-ն ինչո՞ւ նախաձեռնեց վարչապետի փոփոխություն, և ի՞նչ է խոստանում այդ փոփոխությունը հասարակությանը, Լիլիթ Գևորգյանը պատասխանեց, որ շատ վտանգավոր զարգացում է նկատում Հայաստանի համար: Նրա կարծիքով՝ համակարգային փոփոխությունների սկիզբ է դրվում, բայց ոչ՝ այն փոփոխությունների, որոնց հայաստանցիները սպասում են սկսած 1990-ականներից:

«Հասկանալու համար, թե Հայաստանին ինչ է սպասվում, հարկ է նայել Ռուսաստանում կատարվող փոփոխություններին: Հին օլիգարխիան աստիճանաբար դուրս է մղվում պետական համակարգից, որոնց գալիս են փոխարինելու երիտասարդ կադրեր կամ Պուտինին բացարձակ հավատարիմ մարդիկ, որոնք օլիգարխներ չեն: Ռուսաստանի դեպքում այս նոր արյունն անհրաժեշտ է համակարգին արտաքին կոսմետիկ փայլ տալու համար, ներքին հանրության համար: Արևմուտքը պուտինյան Ռուսաստանը՝ իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ նաև երիտասարդ կադրերի համալրմամբ, համարում է խնդրահարույց երկիր:

Ի տարբերություն հին օլիգարխների, որոնք հարուստ են և որոշ չափով՝ անկախ, նոր եկող երիտասարդ և կիրթ վարչարարների սերունդը բացարձակ հավատարիմ է ներկայիս նախագահին, ում ստեղծած համակարգում են նրանք ձևավորվել և աճել: Այս նոր առաջացող համակարգը հենվելու է բացարձակ հավատարմության վրա,այն կլինի ավելի փակ և ավտորիտար, իսկ տնտեսական գործունեության հնարավորությունը և չափը կորոշվի մեկ կենտրոնից: Հայաստանում հնարավոր են նմանատիպ փոփոխություններ: Հին իշխանությունները կփորձեն ներքին հանրությանը հրամցնել տեխնոկրատների նոր թիմ, որը հիմնականում կհամալրվի տարիներ շարունակ նույն հայաստանյան նեպոտիստական համակարգում ձևավորված երիտասարդ կադրերով: Սա իշխանությունների վարկանիշը թարմացնելու փորձ է»,- նման տեսակետ հայտնեց Լիլիթ Գևորգյանը։

Վերջինիս համոզմամբ, այս տեխնոկրատները, որոնցից շատերը նաև Արևմուտքում են սովորել և առերևույթ ռեֆորմիստներ են, կփորձեն կոսմետիկ նորամուծություններ կատարել հիմնականում տնտեսական ոլորտում: Նա չի բացառում նաև, որ կարող են լինել լուրջ հարձակումներ որոշ օլիգարխների վրա, ինչը կմատուցվի հասարակությանը՝ իբրև կոռուպցիայի դեմ պայքար:

Ավելին, ի տարբերություն Ռուսաստանի, ըստ Լիլիթ Գևորգյանի, Հայաստանի տեխնոկրատական կառավարության առաքելությունը կլինի նաև՝ համոզել ոչ միայն ՀՀ ընտրողներին, այն նաև Արևմուտքին, որ Հայաստանն իսկապես բարեփոխվում է 2015-16 թվականների բողոքի ցույցերից հետո:

Նրա խոսքով, այս կեղծ ազդակներն ուղղված են լինելու, օրինակ, ԵՄ-ին, նպատակ ունենալով՝ ընդլայնել Հայաստան բերվող ֆինանսական օգնությունը:

«Մեր ընկերությունը՝ Jane’s Intelligence-ը, ՀՀ նոր կառավարության ձևավորումը և նոր վարչապետի նշանակումը գնահատում է՝ իբրև ներդրումային ռիսկի բարձրացում, քանի որ ռուսական, այդ թվում՝ նաև էթնիկ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարների ներկայությունն ակնկալվում է, որ կաճի: Հայաստանի իշխանությունները նրանց համար, հնարավոր է, առավել բարենպաստ բիզնես պայմաններ ստեղծեն՝ ի վնաս այլ գործարարների: Ակնկալվում է, որ տեխնոկրատ կառավարության անդամներն ավելի հմուտ կլինեն մամուլի ու հանրության հետ աշխատանքում: Ռուսաստանյան համակարգին անցումը կհրամցվի՝ իբրև բարեփոխում ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի փորձաքար, և գրեթե վստահորեն կարելի է ասել, որ այն չի փոխվելու: Հայաստանի պետական կառույցների ինտեգրացիան Ռուսաստանի հետ կշարունակվի: Թե՛ իշխանությունները և թե՛ Ռուսաստանը հուսով են, որ կոսմետիկ փոփոխությունները հայ հանրության համար այս ինտեգրացիան ավելի մարսելի կդաձնեն: Ի վերջո, օլիգարխիկ շրջանակն ավելի կարող է նեղանալ, և, թերևս, ավելի ուժեղ վերահսկվել պետական բարձրաստիճան վարչարարների կողմից, որոնց նշանակումը ոչ թե հանրային, այլ օլիգարխիայի և ՀՀ-ի ստրատեգիական դաշնակցի համաձայնության արդյունք կլինի»,- վերջին փոփոխություններն ու դրանցով պայմանավորված առաջիկա զարգացումներն այսպես գնահատեց Լիլիթ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս