Բաժիններ՝

«Սա արվել է ուղղակի ընտրություններից առաջ մեր ուշադրությունը շեղելու համար». Վահագն Խաչատրյանը՝ կառավարության փոփոխության մասին

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նոր ձևավորվող կառավարությունից ակնկալիքներ չունի։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ տնտեսական աշխուժության մասով փոփոխություններ չեն լինի։

«Փոփոխություններ աշխատանքի մոտեցումների առումով միգուցե առանձին դրվագներում կլինեն, բայց ընդհանուր առմամբ չեն փոխվի։ Արդյոք մենաշնորհները, կոռուպցիան կվերանա՞ն, ցավոք սրտի, սրանք էլ  իրականություն չեն դառնա։ Բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ի առաջ խնդիրը գտնվում է ոչ թե՝ տնտեսական դաշտում, այլ՝ քաղաքական դաշտում, և տնտեսական հարցերի լուծումները պահանջում են ոչ թե՝ նոր գործիքակազմ, այլ՝ քաղաքական լուծումներ։ Ես ինչ-որ արտառոց  քայլեր չեմ ակնկալում, որ կանի գործող կառավարությունը, որովհետև այդ քայլերի իրականությունը պետք է ուղղված լինի հիմնականում այն խմբին, որին սպասարկում է այսօրվա կառավարությունը»,- նշեց Վ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այն ոճը, որով ընտրվում է կառավարություն կամ վարչապետ, իրեն հուշում է, որ իրականում ծրագիրը կլինի այն, ինչ եղել է նախորդ տարիներին. «Իսկ ո՞ր դեպքում իմ տեսակետը կփոխվեր, երբ ես զգայի, որ կա ցանկություն՝ պայքարել կոռուպցիայի դեմ, լիներ մենաշնորհների վերացում, իսկապես տնտեսական ազատություն և ժողովրդավարական բարեփոխումներ»։

Վ. Խաչատրյանի գնահատմամբ՝ սա արվել է ուղղակի ընտրություններից առաջ մեր ուշադրությունը շեղելու համար՝ զուտ քաղաքական տեխնոլոգիաների համար. «Զուտ քաղաքական տեխնոլոգիաների առումով սա ընկալելի, ընդունելի է, այստեղ որևիցե լուրջ քայլ, որն ուղղված կլինի կառավարության աշխատելու ոճի փոփոխությանը, չկա»։

Կարդացեք նաև

Տնտեսագետը, սակայն, գտնում է, որ հնարավոր է՝ գազի գնի մասով փոփոխություններ լինեն։ «Կար տեղեկություն դեռևս մայիս ամսին, որ առաջարկվել էր դեռևս նախորդ կառավարությանը՝ գազի գինն իջեցնել, որն արվել էր «Գազպրոմի» կողմից, և իջեցնել՝ մինչև 100 դրամ հասցնել, այսինքն՝ մինչև 30 տոկոս։ Նախորդ կառավարությունը մայիսին այդ  համաձայնությունը չի տվել, որովհետև դա նշանակում էր՝ բյուջետային եկամուտների էական կրճատում։ Հիմա հնարավորություն կլինի, ես կարծում եմ՝ այս կառավարությունը կօգտագործի։ Այդպիսի մի նվեր մեզ կմատուցվի, դրանով կփորձեն մեզ ցույց տալ, թե՝ տեսեք, կառավարությունն իր ժողովրդի մասին մտածում է, դրա հետ կապված՝ չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի գինն էլ նվազի։ Իհարկե, եթե դա արվի,  տնտեսության մեջ որոշակի աշխուժություն կլինի։ Բայց ինձ դա էլ այդքան չի հետաքրքրում, ինչքան  ընդհանուր մոտեցումները՝ տնտեսության կառավարման, կամ ընդհանրապես երկրի կառավարման, որի հիմնական առանցքը պետք է լինի քաղաքացին։ Այս ամենին ուղղված քայլեր, ցավոք սրտի, չեն լինի»,- նշեց Վ. Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս