«Պայքարը գնում է ոչ թե ընտրական պրոցեսի շուրջ, այլ ճնշումների միջոցով մարդկանց ստիպում են թեկնածությունը հանել». Արմեն Գրիգորյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի18-ի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն է իրականացնելու հիմնականում այն համայնքներում, որտեղ որոշակի խնդիրներ կան՝ Աշտարակ, Գորիս, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ և Նոյեմբերյան:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց կազմակերպության ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, այդ տարածքների գրեթե բոլոր ընտրատեղամասերում փորձելու են վերահսկողություն հաստատել, քանի որ այնտեղ որոշակի մրցակցություն կա:

Նա նշեց, որ մինչև ընտրությունները ԹԻ-ն վերահսկողություն չի իրականացնում, առայժմ առանձնահատուկ խնդիրներ չկան, ահազանգեր չեն եղել, խնդիրների մասին ավելի շատ կարելի կլինի խոսել ընտրության օրվա ընթացքում: Ըստ Ա.Գրիգորյանի՝ այս համայնքներում կուսակցությունների մակարդակով ընդդիմության և իշխանության պայքար հիմնականում չկա, Աշտարակում «Բարգավաճ Հայաստանն» ունի թեկնածու, բայց առավելապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անկուսակցականներ են առաջադրված, օրինակ՝ Ծաղկահովիտից առաջադրվել է «Սասնա ծռերի» անդամը՝ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):

Անդրադառնալով նախընտրական շրջանում բազմաթիվ ինքնաբացարկներին՝ Ա. Գրիգորյանը շատ բացասական գնահատեց թեկնածությունները հանելու երևույթը.

Կարդացեք նաև

«Դա Հայաստանի ընտրական համակարգի լրջագույն խնդիրներից մեկն է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հիմնականում ընդդիմադիր թեկնածուի հետ փորձում են ոչ թե ընտրության ընթացքում պայքարել, այլ մինչ ընտրությունները, ու փորձում են ճնշումների միջոցով ստիպել, որպեսզի ընդդիմադիր կամ իրենց համար անընդունելի թեկնածուները մինչև ընտրությունները հանեն թեկնածությունը: Այսինքն՝ հասկացել են, որ ընտրությունների ընթացքում ավելի թանկ կամ ավելի դժվար է պայքարել թեկնածուների դեմ, դրա համար փորձում են մինչև ընտրություններն այդ հարցը լուծել: Օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ Արտաշատում, քանի որ Հովիկ Աբրահամյանի տղան էլ էր առաջադրված, մյուս բոլոր թեկնածուները նախքան ընտրությունն ինքնաբացարկ հայտնեցին: Այսինքն՝ պայքարը գնում է ոչ թե ընտրական պրոցեսի, քաղաքացիների քվեն ստանալու շուրջ, այլ ճնշումների միջոցով մարդկանց ստիպում են իրենց թեկնածությունը հանել: Սա շարունակական խնդիր է, որը ոչ թե հենց այս ընտրություններում է ի հայտ եկել, այլ գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում կա»:

Տեսանյութեր

Լրահոս