Ադրբեջանին ռուսական БМП-3-ի մատակարարումները հետաձգվում են ֆինանսական խնդիրների պատճառով
Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումներն Ադրբեջանին հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:
«Պայմանագիրը գործում է, բայց ստիպված ենք փոքր-ինչ սպասել՝ կրկին ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով: Հուսով ենք, որ 2017 թվականի վերջին-2018 թվականի սկզբին մատակարարումները կավարտվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցած տարի կոնցեռնից հայտնել էին, որ Ադրբեջանին БМП-3-ի մատակարարումները նախատեսվում է ավարտել 2016 թվականին:
Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են զենքի և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին 2010 թվականին: «Рособоронэкспорт»-ում հայտնել են, որ պայմանագրերի փաթեթը նախատեսվում է իրականացնել 2017 թվականին: Փորձագետների գնահատմամբ՝ պայմանագրերի փաթեթի արժեքը կազմել է մինչև 1 միլիարդ դոլար: