
Ֆրանսիան և Գերմանիան նախագիծ են ներկայացրել ԵՄ պաշտպանության ամրապնդման վերաբերյալ. Guardian

Ֆրանսիան և Գերմանիան առաջարկությունների նախագիծ են նախապատրաստել Եվրամիության պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար, հայտնում է Guardian-ը:
Փաստաթուղթն ուղարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, իսկ ավելի ուշ այն կքննարկվի Բրատիսլավայում ԵՄ գագաթաժողովի ժամանակ:
Ինչպես գրում է պարբերականը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ նախագիծը հիմք կդառնա «պաշտպանության եվրոպական համակարգի վերաբեռնավորման համար»:
Sueddeutsche Zeitung պարբերականը գրում է, որ փաստաթուղթը առաջարկում է ստեղծել եվրոպական պաշպանության ղեկավարման կենտրոն, արբանյակային հսկողության ընդհանուր համակարգ, ինչպես նաև ռազմա-բժշկական ռեսուրսների ապահովման նյութատեխնիկական փոխանակություն:
ԵՄ անվտանգության ուժեղացման համատեղ նախաձեռնության գործարկման մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել էին այս տարվա հուլիսին` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: