«Յուվենթուս»-ը միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը
Իտալիայի առաջնությունում շարունակում է վստահ խաղով երկրպագուներին ուրախացնել երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը:
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը սեփական դաշտում հանդիպեց «Սասուելո»-ի հետ:
Գոնսալո Իգուաինն աստիճանաբար սկսում է վերածվել «Յուվենթուս»-ի հարձակման առաջատարի: Թուրինցիների պատմության ամենաթանկ ձեռքբերումը կարողացավ խաղի հենց մեկնարկում դուբլի հեղինակ դառնալ: Անչափ գեղեցիկ ստացվեց արգենտինացու 2-րդ գնդակը: «Յուվենթուս»-ի կազմում 3-րդ գոլը խփեց Միրալեմ Պյանիչը: «Սասուելո»-ն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Լուկա Անտին դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը: «Յուվենթուս»-ը 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ, և առանց միավորների կորուստի գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Չեմպիոնի կոչման մյուս հավակնորդը՝ «Նապոլի»-ն, հյուընկալվելիս ուժերը չափեց «Պալերմո»-ի հետ: Նեապոլցիները առանց դժվարության կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել դաշտի տերերի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Խասե Մարիա Կալյեխոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ «Նապոլի»-ի ավագ Մարեկ Համշիկը:
3-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոմա»-ն սեփական դաշտում հանդիպեց «Սամպդորիա»-ին: Խաղի արդեն 8-րդ րոպեին Մոհամեդ Սալահը առաջ մղեց «Ռոմա»-ին, սակայն հռոմեացիների ուրախությունը երկար չտևեց: «Սամպդորիա»-ն, արագորեն ոչ միայն հավասարեցրեց խաղի հաշիվը, այլև կարողացավ առաջ պոկվել խաղում: Գոլերի հեղինակ դարձան Լուիս Մուրիելն ու Ֆաբիո Քվարիարելան: «Ռոմա»-ն` Էդին Ջեկոյի ջանքերով 2-րդ կեսի 61-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը: Լուչանո Սպալետիի թիմը հաղթանակ կորզեց միայն վերջին րոպեին: Ֆրանչեսկո Տոտին կրկին թիմի փրկիչն էր: Տոտին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Միլանի «Ինտեր»-ը հյուընկալվելիս ուժերը չափեց «Պեսկարա»-ի հետ: Մաուրո Իկարդիի դուբլին «Պեսկարա»-ն պատասխանեց միայն Ժան Քրիստոֆ Բեաբեկի հարվածով:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բոլոնիա»-«Կալյարի»` 2-1
«Միլան»-«Ուդինեզե»`0-1
«Ատալանտա»-«Տորինո»`2-1
«Կիևո»-«Լացիո»` 1-1
3-րդ տուրի հանդիպումներից ` «Ջենովա»-«Ֆիորենտինա» մրցավեճը հետաձգվել է, իսկ «Էմպոլի»-«Կրոտոնե» դիմակայությունը կկայանա ընթացիկ օրը: