
Սիրիայի հրադադարը ուժի մեջ կմտնի մայրամուտին

Սիրիայում հրադադարը պետք է սկսվի այսօր մայրամուտին՝ մուսուլմանական Իդ ալ-Ատխա (հայտնի է նաև որպես Կուրբան-բայրամ) տոնակատարության սկսմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած հանգստյան օրերին սիրիական քաղաքները դարձյալ ենթարկվել էին ռմբակոծությունների:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվածության են եկել, որ 10-օրյա «դադարի» ժամանակ պետք է սկսվեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է այդ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մի քանի ամիս տևող բանակցություններից հետո, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք համաձայնել են զենքը վայր դնել ապստամբ խմբավորումները:
Սիրիայի ազատ բանակը ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել է այն մասին, որ մտադիր է «դրականորեն համագործակցել» հրադադարի շրջանակում, սակայն անհանգստացած է, որ այն ձեռնտու է սիրիական իշխանություններին: