«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին չի մատակարարում հարձակողական սպառազինություն, որը կարող է օգտագործվել ԼՂ հակամարտության ժամանակ». Ուորլիք
Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը։
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի դերը «շատ դրական ու արդյունավետ է», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ներգրավված է այդ գործընթացում, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քաջատեղյակ է հարցին:
«Հատկանշական է, որ նա (Լավրովը) գիտի, թե որտեղ են թաքնված ստորջրյա խութերը։ Մենք շատ ենք հարգում նրա մոտեցումը և ցանկանում ենք աշխատել նրա հետ այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Քերին նրա հետ քննարկել է դա բազմիցս, և դա այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են արդյունավետ համագործակցել»,- ասել է Ուորլիքը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող զենքին և Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին, ամերիկացի դիվանագետը նշել է, որ «Ռուսաստանը տևական ժամանակ բարեկամություն է անում նրանց հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները»:
«ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է սերտորեն համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն այլ կերպ։ Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից և ոչ մեկին: Մենք շատ սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում նրանց:
Ադրբեջանի մասով կա մեր Կոնգրեսի օրինական մանդատը, որը թույլ չի տալիս մեզ մատակարարել այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարձակման համար: Այդկերպ, մենք զենքի մատակարար չենք։ Մենք ենթադրում ենք, որ երկու երկրների հետ ունենք ռազմավարական փոխհարաբերություններ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։