Ինչն էր Հանքավանում երեք անձի սպանության պատճառը. գործը դատարանում է
Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին 3 անձի սպանության գործն ուղարկվել է դատարան։
Քրեական գործի շրջանակներում Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով նույն օրն իր կողմից վարած ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք և ժամը 19:05 սահմաններում հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ ապօրինի կերպով իր մոտ պահվող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի, մարտական ակոսափող ինքնաձիգով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի և Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ՝ Վարդան Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող որովայնի առաջնային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին պատճառելով մահվան անմիջական պատճառ հանդիսացող տրավմատիկ-հեմոռագիկ շոկի հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող ձախ նախաբազկի, աջ հետույքի շրջանի, ձախ ծնկահոդի շրջանի թափանցող երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որի հետևանքով վերջիններս մահացել են:
Հայրապետ Սեփոյանը կալանավորված է։ Գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վաղինակ Մկրտչյանին։