
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Բաքու

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը խորհրդատվությունների նպատակով կանչվել է Բաքու: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Դեսպանի Բաքու հետկանչը համընկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցմամբ, որը պայմանավորված է Washington Post¬ում տպագրված քննադատական հրապարակումներով:
ԱՄՆ-ի Մակքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության գծով տնօրեն, պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս Corc Meyson համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը Ադրբեջանի իշխանությանը խստորեն քննադատող և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Բաքվի դեմ «որոշիչ միջոցառումների» կոչ անող հոդվածում կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Ադրբեջանում իր դեսպանին և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի ղեկավարության դեմ:
Հոդվածում ԱՄՆ-ին առաջարկվում էր շարունակաբար վատացող Ադրբեջանի տնտեսությունը փրկելու համար չօժանդակել Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի կողմից Բաքվին տրամադրվելիք հնարավոր օգնությանը:
Հեղինակների կարծիքով` քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցրել պետական ԶԼՄ-ների կողմից հակաամերիկյան հռետորաբանությունը, ԱՄՆ-ն պետք է երկարաժամկետ խորհրդատվությունների համար հետ կանչի Ադրբեջանում իր դեսպանին: