«Ի՞նչ ես անում, բալես, հո կողքիդ մարդ չկա՞». 36-ամյա տղամարդն «Օդնոկլասսնիկիով» գրել է 10-ամյա աղջնակին…

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 36-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել անառակաբարո գործողությունների փորձ կատարելու մեջ։ Դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 տարի ժամկետով: Ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ փորձել է անառակաբարո գործողություններ կատարել ակնհայտ 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ, այն է` իրենց տանից բջջային հեռախոսով մուտք է գործել համացանց և «Օդնոկլասսնիկի» կայքի իր էջից, մանկահասակ երեխային դիմելու ձևին բնորոշ բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկել նույն կայքի էջին, որի գլխավոր նկարը եղել է տուժողի լուսանկարը, կարծելով, որ իր հաղորդագրություններն ուղղում է հենց նշված երեխային, որն իր պատկերացմամբ՝ եղել է մոտ 10 տարեկան, այդ հաղորդագրություններում շոշափել է սեռական կյանքին վերաբերող թեմաներ, նրան առաջարկել է լուսանկարել սեռական օրգանները, զբաղվել ինքնաբավարարմամբ, ցույց տալ իր սեռական օրգանները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ էջը պատկանել է աղջկա հորը, և հաղորդագրություններն աղջկա կողմից չեն ընթերցվել:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում և պնդում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
Նախաքննական ցուցմունքների համաձայն` նա քննությանը հայտնել է, որ իր հեռախոսով մտել է «Օդնոկլասսնիկի» կայքի իր էջը և սկսել է տարբեր աղջիկների նկարներ նայել:

Ընթացքում «հյուր» է գնացել մի էջ, որի գլխավոր նկարը եղել է մոտ 10 տարեկան աղջիկ երեխայի նկար: Ինքն այդ էջի 4-5 հատ նկարներ է նայել, որոնք եղել են այդ երեխայի նկարները:

Տարիքը նշած է եղել 90 տարեկան, որը, բնականաբար, չէր կարող իրական լինել: Ինքը մտածել է, որ դա այդ երեխայի կայքն է, և որոշել է նրան հաղորդագրություններ գրել, քանի որ ցանկացել է շփվել այդ երեխայի հետ` զրուցելով ինտիմ հարցերի վերաբերյալ:

Ինքը նրան հաղորդագրություն է ուղարկել «Բարև, կյանքս» բովանդակությամբ, որին ի պատասխան՝ ստացել է «Բարև, ով է» հաղորդագրությունը, այնուհետև ինքն առաջարկել է շփվել և սկսել է սեռական կյանքի վերաբերյալ հաղորդագրություններ գրել, այնուհետև առաջարկել է նրան լուսանկարել սեռական օրգանները և այդ նկարներն ուղարկել իրեն: Իր հաղորդագրությունների պատասխանները եղել են «Ով ես, որտեղից ես» բովանդակությամբ:

Ինքը գիտակցել է, որ այն աղջիկը, որին գրում է հաղորդագրությունները` երեխա է, բայց քանի որ այդ ժամանակ գտնվել է գրգռված վիճակում, նրան նաև առաջարկել է ինքնաբավարարմամբ զբաղվել: Այնուհետև այդ աղջիկը հաղորդագրությամբ հեռախոսահամար է գրել, որին ինքը զանգահարել է։ Պատասխանողը խոսել է բարակ մանկական ձայնով:

Ինքը նրան ասել է. «Բարև կյանքս, ոնց ես», հարցրել է` արդյոք մենա՞կ է, թե՞ կողքին մարդ կա, քանի որ չի ցանկացել, որ որևէ մեկն իմանա, որ ինքը հաղորդագրություններ է գրում ու խոսում աղջիկ երեխայի հետ: Երեխան պատասխանել է, որ մայրը խանութ է գնացել, իսկ հետո ասել, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը:

Դրանից հետո ինքը շարունակել է այդ աղջկան ինտիմ բնույթի հաղորդագրություններ գրել և առաջարկել է ինքնաբավարարմամբ զբաղվել, հայտնելով, որ ինքն էլ ձեռնաշարժությամբ է զբաղվում: Իսկ հետո հասկացել է, որ սխալ քայլ է կատարել մանկահասակ աղջկան նման հաղորդագրություններ գրելով, ջնջել է իր էջից բոլոր այդ հաղորդագրությունները և որոշել է այլևս ոչ գրել, ոչ էլ զանգել նրան: Հաջորդ օրն առավոտյան իր հեռախոսին զանգ է եկել ու անջատվել: Ինքը հետ է զանգել, պատասխանողն աղջիկ է եղել, որին ինքը հարցրել է, թե որտեղ նրան կարող է տեսնել, և վերջինս պատասխանել է, իսկ հետո հայտնել, որ հարմար չէ:

Տեղեկացել է, որ այդ աղջիկը գնում է երաժշտական դպրոց, ինքը նրան հայտնել է, որ գալիս է այնտեղ: Երբ հասել է երաժշտական դպրոցի մոտ, Ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն: Ինքը նպատակ չի ունեցել սեռական հարաբերություն ունենալ այդ աղջկա հետ կամ որևէ սեռական ոտնձգություն կատարել, պարզապես հանդիպելու դեպքում` հնարավոր է՝ նրա հետ զրուցեր ինտիմ կյանքի մասին: Հայտնել է, որ զղջում է կատարածի համար, և խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել:

Գործով տուժողի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ իր ամուսինը, ով դեպքի ժամանակ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում ունեցել է կայք էջ, որից հիմնականում նա է օգտվել, իսկ երբեմն՝ նաև ինքը: Իր ամուսինն այդ կայք էջի գլխավոր լուսանկարի տեղում տեղադրել է իրենց դստեր լուսանկարը: Բացի այդ լուսանկարից, եղել են նաև երեխայի այլ լուսանկարներ: Մի անձնավորություն անպարկեշտ արտահայտություններ և առաջարկություններ է գրել:

Ինքն ու ամուսինն այդ մարդու հաղորդագրությունների բովանդակությունից հասկացել են, որ վերջինս այդ հաղորդագրություններն ուղղում է իրենց դստերը, և մտածելով, որ իրենց դստերը կարող է վտանգ սպառնալ` իր ամուսինը պատասխանել է նրա հաղորդագրություններին` պարզելու համար, թե այդ մարդն ով է, նրան տվել իրենց հեռախոսահամարը: Իրենց կասկածն ավելի է հիմնավորվել, երբ ամուսինը հաղորդագրություն է գրել` «Ես 10 տարեկան եմ» բովանդակությամբ, իսկ այդ մարդը շարունակել է իր անպարկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններն ուղարկել իրենց:

Ամուսինն իրեն ասել է, որ երբ իրենց հեռախոսահամարին զանգ գա, ինքը պարզապես զանգին պատասխանի, որ հեռախոսահամարը ֆիքսվի, և այդ կերպ կարողանան իմանալ, թե այդ անձնավորությունն ով է: Հեռախոսահամարին զանգ է եկել, և ինքը պատասխանել է հեռախոսազանգին: Խոսելիս ձայնն արհեստականորեն բարակեցրել է, որ հասկանա, թե այդ մարդու նպատակը որն է: Խոսողը տղամարդ է եղել, որն ասել է. «Ի՞նչ ես անում, բալես, հո կողքիդ մարդ չկա՞», ինքը խոսելով երեխայի անունից՝ պատասխանել է, որ ոչ, մայրը խանութ է գնացել, հետո ասել է, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը: Հետո նա հաղորդագրություն է գրել` «Հո մամադ չիմացավ» բովանդակությամբ: Ինքն ամուսնուն հայտնել է, որ խոսել է այդ մարդու հետ: Ինքը նույն օրը հիշյալ դեպքի մասին հայտնել է Ոստիկանություն: Հեռախոսահամարը բջջային հեռախոսով հանձնել է Ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի ոստիկանները կարողանան զանգերի միջոցով հայտնաբերել այդ անձնավորությանը:

Տեսանյութեր

Լրահոս