
Michael Kors առևտրանիշը ցուցադրել է առաջին «խելացի» ժամացույցը

Ամերիկյան Michael Kors մակնիշը թողարկել է իր պատմության մեջ առաջին «խելացի» ժամացույցի մոդելը՝ Access-ը: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Ժամացույցի դիզայնը մշակված է մակնիշի երկու հանրաճանաչ մոդելների՝ Bradshaw-ի եւ Dylan-ի հիման վրա: Գաջեթն աշխատում է Android գործառական համակարգի բազայի վրա: Մոդելը մատչելի է երկու գույնով՝ ոսկեգույն՝ կանանց համար եւ սեւ՝ տղամարդկանց համար: Ժամացույցն արդեն վաճառքի է հանվել, դրա գինը 350 դոլար է:
Չնայած այն բանին, որ համաշխարհային առեւտրանիշերը, հետեւելով միտումին, «խելացի» ժամացույցներ են թողարկում, դրանց պահանջարկը նվազում է:
Ինչպես ցույց է տվել International Data Corporation (IDC) ընկերության հետազոտությունը, 2016 թվականի երկրորդ եռամսյակում նման գաջեթների վաճառքները կրճատվել են 32 տոկոսով՝ մինչեւ 3,5 միլիոն սարք:
Michael Kors-ն ամերիկյան առեւտրանիշ է, որն արտադրում է հագուստ, կոշկեղեն, օծանելիք եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Հիմնադրել է Մայքլ Քորսը 1981 թվականին: