Եվրոպայում ամենաբարձր բնակելի շենքը կառուցելու են չինացիները
Շանհայի Greenland Group շինարարական ընկերությունը պլանավորում է Լոնդոնում կանգնեցնել 235-մետրանոց երկնաքեր՝ 35-րդ հարկում ակումբային տարածությամբ եւ հսկայական լողավազանով: Աշտարակը կդառնա Եվրոպայի ամենաբարձր բնակելի շենքը, տեղեկացնում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ Spire London անվանումը կրող երկնաքերը կկառուցվի քաղաքի արեւելյան մասի գործարար թաղամասի՝ Քաների-Ուորֆ-ին հարող տարածքում: Նախագծում ներդրումների ծավալը կկազմի 800 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 մլրդ դոլար):
Համալիրում մեկ ննջարանով էլիտար բնակարանները վաճառվելու են 595 հազար ֆունտ (794 հազար դոլար) եւ ավելի բարձր գնով: Փենթհաուսների արժեքը, որոնք տեղակայված են շենքի 67-րդ հարկում, ինչպես սպասվում է, կկազմի 3 մլն ֆունտից (չորս միլիոն դոլար) ոչ պակաս:
Ընդամենը համալիրում լինելու է 861 բնակարան, դրանցից էկոնոմդասի են 96-ը: Spire London աշտարակի շինարարությունը պլանավորվում է ավարտել 2020 թվականին: Մինչեւ 2018 թվականի ամռանը շենքը կկառուցվի կիսով չափ, ճշտում է The Guardian-ը:
2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Չինաստանում ամենաբարձր երկնաքերը կառուցելու են Գուանդունի նահանգի Շենչժեն քաղաքի տարածքում: Աշտարակի բարձրությունը կգերազանցի 730 մետրը: