«Հրադադարը Սիրիայում կայուն միջավայր կստեղծի այլ հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար». Մալաշենկո
«Սիրիական ճգնաժամի ու ԼՂ հակամարտության միջև ուղիղ կապ չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, «Կարնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռք բերած պայմանավորվածությանը, որը վերաբերում է Սիրիայում հրադադարի հաստատմանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են հրադադարի հաստատման պայմանավորվածության մասին, որը կբերի Սիրիայում բռնության կրճատման և խաղաղ բանակցությունների վերսկսման: Այն իր մեջ ներառում է նաև սիրիական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների դադարեցում:
«Այսօր ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարում են մի ծրագրի մասին, որը թույլ կտա կրճատել բռնությունը, տառապանքները և կվերսկսի Սիրիայում խաղաղ բանակցությունների ու խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք հույս ունենք, եթե ծրագիրն ամբողջությամբ կատարվի, ապա այն շրջադարձային կետ կդառնա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից օդային հարձակումները պետք է դադարեցվեն, որպեսզի կասեցվի բռնության տարածումը: Բացի այդ, Սիրիայի ռազմական ուժերը պետք է դադարեցնեն բոլոր գործողությունները, քանի որ ռմբակոծությունը բերում է երկրի քաղաքացիական բնակչության տառապանքների:
Նշվում է, որ պլանն իր մեջ ներառում է լիակատար հրադադար, այդ թվում՝ ավիահարվածների դադարեցում: Մալաշենկոն նշեց, որ համաձայնությունն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Սիրիայի հարցում ողջունելի է, ինչը նշանակում է, որ այս փուլում սիրիական հակամարտությունը գոնե էլ ավելի սուր բնույթ չի ստանա:
Բայց, ըստ նրա, դա պատմական համաձայնություն որակելը դեռ վաղ է, քանի որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում եղել են հրադադարի մի քանի պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ չեն պահպանվել, և կրկին սրվել է իրավիճակը Սիրիայում: Նա նշեց, որ այս անգամ կողմերի ցանկությունն իսկապես մեծ է՝ հասնել Սիրիայում կրակի դադարեցման:
«Արժե հաշվի առնել նաև այն, որ հրադադարը Սիրիայում այլևս միայն Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից կախված չէ, այս հարցում ամերիկյան կողմի համար բարդ է երաշխիքներով հանդես գալը: Սիրիայում արդեն բազում անվերահսկելի ուժեր ու կազմավորումներ կան, որոնց գործունեության հետևանքով են խախտվել նախկին մի շարք պայմանավորվածություններ: Այս անգամ հուսանք, որ այս համաձայնությունը փոքր-ինչ ավելի կայուն կլինի և կխաղաղեցնի Սիրիան»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն: Վերջինիս համոզմամբ, եթե համաձայնությունը կայուն հրադադարի վերածվի, ապա կսկսի առողջացնել միջազգային հարաբերություններն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում:
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս համաձայնությունը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա, ռուս փորձագետը դժվարացավ ասել, նշելով, որ, եթե նույնիսկ հրադադար հաստատվի, Սիրիային երկար ժամանակ է անհրաժեշտ մի փոքր ավելի խաղաղ կյանքի անցնելու համար, միայն այդ դեպքում կարելի է խոսել հարևան տարածաշրջանների մասին:
«Կարծում եմ, որ ուղիղ կապ ԼՂ հակամարտության և սիրիական ճգնաժամի միջև չենք կարող գտնել, չկա այդպիսի կապ, ուստի քննարկել ազդեցությունը՝ բարդ է: ՌԴ-ԱՄՆ համաձայնությունը դրական հանգրվան է երկկողմ հարաբերություններում, որը կարող է անդրադառնալ բանակցային գործընթացում այս երկու միջնորդ երկրների համագործակցության վրա, այն ավելի համակարգված կդառնա, իսկ հրադադարը Սիրիայում կայուն միջավայր կստեղծի այլ հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Բայց ուզում եմ կրկին պնդել, որ ԼՂ հակամարտությունն անկանխատեսելի կոնֆլիկտ է, և այն դժվար է կապել այլ հակամարտությունների կարգավորման գործընթացների հետ»,- ասաց Մալաշենկոն: