«Ով նստում է Բաղրամյան 26-ում, բոլոր ՏԻՄ ղեկավարները մեկ օրվա մեջ դառնում են նրա կուսակցության անդամ». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չնայած դրանց կարևորությանը՝ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները որևէ նշանակություն չունեն: «Եվրոպայում մարդիկ հասկանում են, որ, թեև երկրի ղեկավարությունից շատ բան է կախված, բայց իրենց գյուղապետի, քաղաքապետի կամ թաղապետի ընտրություններից ավելի մեծ բան է կախված՝ իրենց անմիջական կյանքի կարգավորման բնագավառում։ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ունեն զրո նշանակություն ու որևէ կապ չունեն իշխանափոխության հետ։ Մեր երկրում ընդհանրապես կարևոր չէ՝ ով է ՏԻՄ-ը ղեկավարում։ Հայաստանում արդեն 25 տարի ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես չի աշխատում, այստեղ շատ լավ հասկանում են, որ հիմնական հարցերը լուծվում են կենտրոնական իշխանությունների կողմից, և ոչ թե՝ քաղաքապետի կամ գյուղապետի։ Հայաստանի կենտրոնական իշխանությունների ձևավորման վրա էլ բավական մեծ է արտաքին ուժերի ազդեցությունը, քան բուն հասարակության ուժի ազդեցությունը։ Թե ով կլինի Հայաստանի թիվ մեկ ղեկավարը, կախված է կամ Արևմուտքից,կամ Ռուսաստանից։ Տվյալ պահին կախված է Ռուսաստանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ եթե անգամ Գյումրիում կամ Վանաձորում հաղթանակ տանի ընդդիմադիր այս կամ այն ուժը, դա ընդհանրապես չի նշանակում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժը հաղթանակ կտանի. «Արդեն երկար ժամանակ է, որ Հայաստանի հասարակությունը չի կարողանում իշխանություն ձևավորել, իսկ եթե դու չես կարողանում դա անել, ապա ուրիշները կանեն։ Դրա համար Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքն ընդհանրապես կապ չունի կենտրոնական իշխանությունների ձևավորման գործընթացի հետ»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ընտրությունների ինստիտուտի այս վիճակն իշխանությունների վերջին 25 տարիներին վարած քաղաքականության արդյունքն է. «Երրորդ աշխարհի շատ երկրներում կենտրոնական ուժերի ձևավորման վրա ազդում են դրսի ուժերը, Հայաստանն այդ երկրների թվին է պատկանում։ Դրա համար անգամ նշանակություն չունի, թե ով կլինի Երևանի քաղաքապետը։ Իհարկե, Հանրապետականի համար նշանակություն ունի, որովհետև իրենք կցանկանան վերցնել այդ լծակն ու դա կծառայեցնեն իրենց բիզնեսին։
Ընդդիմության համար էլ է դա կարևոր՝ նրա համար, որ հասարակությանը ցույց տան, թե հանրապետականներին հաղթել են, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փորձեն ձայներ ապահովել, բայց իրականում կենտրոնական իշխանությունները դրսից են նշանակվելու: Մենք տեսանք՝ ինչպես Մոսկվայից Հայաստանի վարչապետ նշանակեցին։ Եթե այդպես է լինում, ապա ի՞նչ նշանակություն ունի, թե ով է լինելու ՏԻՄ ղեկավարը։ Մանավանդ՝ Հայաստանում ընդունված տարբերակ է, որ ով նստում է Բաղրամյան 26-ում, բոլոր ՏԻՄ ղեկավարները մեկ օրվա մեջ դառնում են նրա կուսակցության անդամ»։