«Բա մյուս ձեռնարկությունների պարտքերը չե՞նք հաշվում, պարոն Մակարյան». Արտակ Սարգսյանը՝ Ռոբերտ Մակարյանին

Այսօրվա ասուլիսին, երբ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը ներկայացրեց 2015թ. մթերումներից չվճարված գումարներն ու նշեց, որ այս պահի դրությամբ կա 1.5 միլիարդ դրամից ավելի չվճարված գումար, ու 7-8 ձեռնարկություններ դեռ պարտավորություններ ունեն խաղողագործների հանդեպ, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ Սարգսյանի նշած ու պաշտոնական թվերը երբեք չեն համընկնում. «Մենք ամենօրյա աշխատում ենք, ու պարտքը կազմում է 800 մլն դրամ՝ ընդհանուր 31.5 մլրդ դրամից։ 10-12 կազմակերպություններ են, որ պարտքեր ունեն, ու բոլորը, բացի մեկ ընկերությունից, գրաֆիկով վճարումներն իրականացնում են, պարտքերը մարում են»։

Խաղողագործների միության նախագահը, սակայն, շարունակեց պնդել իր ասածը. «Ասում եք՝ Հայաստանի խաղողագործների միության և Գյուղատնտեսության նախարարության 2015թ. մթերված խաղողի պարտքերի համընկնում չի լինում. ես իմ ասած թվերը կամփոփեմ՝ հետևությունները թողնելով ձեզ։ Եթե 300 մլն Պռոշյանի գործարանն է պարտք մեր խաղողագործներին, եթե «Վեդի-ալկոյի» պարտքն ունենք, «Հայասի» գործարանի պարտքն ունենք, ու եթե այդ երեք ձեռնարկությունների պարտքերը գումարում ենք իրար, պարոն Մակարյանի ասած գումարն է ստացվում։ Բա մյուս ձեռնարկությունների պարտքերը չե՞նք հաշվում, պարոն Մակարյան։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ որտեղից է գալիս անհամաձայնությունը՝ մեր ասած թվերի ու ձեր հրապարակած պաշտոնական թվերի»։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ հավելեց՝ չի իրացվել նախորդ տարվա բերքի 10 %-ը, և նախանցած տարվա բերքի 30%-ը.

«Մթերողների վիճակը ծանր է. վարկ վերցնելու ռեսուրսներ չկան, գրավներ չկան, մի խոսքով՝ ծայրահեղ վատ վիճակ է։ Այս տարի ավելի վատ կլինի, քան նախորդ տարի։ Գյուղացիները խաղողի մթերումը վեր են ածում շոուպոպուլիստական ինչ-որ ներկայացման։ 25 տարի ժամանակ էր տրված գյուղացիներին՝ օդից ընկած սեփականաշնորհված հողեր և այգիներ, և այս 25 տարվա ընթացքում գյուղացին չմտածեց իր շուկան դիվերսիֆիկացնելու մասին։ Մենք այսօր կոնյակ ենք վաճառում ինքնարժեքից երկու անգամ ցածր գնով ու կռիվ ենք տալիս յուրաքանչյուր ցենտի համար։ Այսօր կառավարությունը մեզ պարտադրում է գյուղացիներից ոչ միայն վերցնել խաղող, այլև որոշակի գներ են ներկայացվում։ Աբսուրդ իրավիճակ է. 25 տարի գյուղացին ժամանակ ուներ մտածելու, չմտածեց։ Մտածում են. «Է՜հ, ճանապարհը կփակեմ՝ խաղողս կվերցնեն»։ Այդպես չի լինում»։

Կարդացեք նաև

Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը, ում մթերած խաղողի գումարը դեռ չեն վճարել, Ա. Հարությունյանին հարցրեց՝ այսինքն՝ ի՞նչ մտածի գյուղացին. «Մենք գյուղացի մարդիկ ենք, ի՞նչ մտածենք»։ Ավագ Հարությունյանն էլ նրա հարցին հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ եք 5 հա այգի տնկել, կարո՞ղ եք բացատրել։ Խաղողագործը պատասխանեց, որ կառավարությունից խոստումներ են տվել, թե կգնեն խաղողը, իսկ Ա. Հարությունյանը պնդեց, որ նման բան չի եղել։

«Այսօր մենք փնտրում ենք մուսկատային սորտեր, որ մեկը կիլոգրամը 4-5 հարյուր դրամով գնենք, բայց չկան, փնտրում ենք հայկական տեղածին սորտեր, որոնց մեկ կիլոգրամի համար 7-8 հարյուր դրամ պատրաստ ենք վճարել, չկան։ 25 տարի ձեզ ասում ենք՝ այդ սորտերն աճեցրեք»,- ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս