ՀՀ սպառողական շուկայում հուլիս-օգոսոսին գնանկում է արձանագրվել
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունը:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2016թ. օգոստոսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.3%, ծառայությունների սակագներինը՝ 98.7%: 2016թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.5%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.2 տոկոսային կետով (0.3% նվազում):
2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.9%, ոչ պարենային ապրանքներինը` 96.6%, ծառայությունների սակագներինը` 100.8%, իսկ հունվար-օգոստոսին 2015թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 96.2%, 98.1% և 102.3%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով: