«Թուրքիայի ներխուժմանը դեմ չեն նաև սիրիական իշխանությունները». Արմեն Պետրոսյան
Հարցազրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ
– Պարոն Պետրոսյան, ԱՄՆ–ը և Թուրքիան կարծես համաձայնության են եկել Իսլամական պետության (ԻՊ) գլխավոր կենտրոնի՝ Ռաքքայի ազատագրման համար համատեղ գործողություն իրականացնելու հարցում: Եթե Ռաքքան ազատագրվի, ԻՊ–ի անելիքները Սիրիայում մեծ հաշվով կհավասարվեն զրոյի: Ըստ Ձեզ՝ ո՞ր ուղղությամբ կշարժվի ԻՊ–ը, կարծիքներ կան, որ դեպի Իրաք, և առհասարակ, նման սցենարը ի՞նչ ազդեցություն կունենա սիրիական հակամարտության հետագա կարգավորման վրա։
– Նախ՝ ամերիկաթուրքական համաձայնությունը, փաստորեն, այն պայմանավորվածությունների մի մասի բացահայտումն է, որն ըստ էության եղել է Թուրքիայի և սիրիական հակամարտության արտաքին դերակատարների միջև՝ ստվերային բանակցությունների արդյունքում։ Այսինքն՝ մինչև թուրքական զինուժի՝ Սիրիայի հյուսիս ներխուժումը։ Աստիճանաբար բացահայտվում են բանակցությունների արդյունքները, թե ինչի համար է Թուրքիային արտոնվել գործել Սիրիայի հյուսիսում։ Սա, թերևս, պայմանավորվածություններից մեկն է, այսինքն՝ ԻՊ-ի դեմ վճռական պայքար։ Քանի որ այս գործողությունը փոխհամաձայնեցված է, կարելի է կանխորոշել, որ սրա հաջողությունը բավական մեծ է լինելու։ Ժամանակային սահմաններ գծելը բավական բարդ է։ Պարզ է, որ հիմնական հարվածային ուժը լինելու են սիրիական ընդդիմադիր խմբավորումները, մասնավորապես՝ սիրիական ազատ բանակը, և բնականաբար, թուրքական զինուժի շատ ավելի լայն ընդգրկվածություն, հնարավոր է՝ ցամաքային զինուժի։ Իսկ ինչ վերաբերում է ԻՊ ապագային, ապա տեսեք՝ միանշանակ նշել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր միավորումները կարող է դուրս բերել դեպի Իրաք, այստեղ բավականին լուրջ թերահավատություն կա, որովհետև Իրաքում ևս զուգահեռ ընթանում են ռազմական գործողություններ։ Արդեն մի քանի ամիս է՝ նախապատրաստվում է Մոսուլի դեմ հարձակումը, որն Իրաքում ԻՊ-ի գլխավոր կենտրոնն է։ Այս համատեքստում մի բան ակնհայտ է, որ արտաքին դերակատարների միջև վճռական տրամադրվածություն կա՝ «Իսլամական պետություն» կառույցին կործանիչ հարված հասցնելու։
Բնականաբար, կառույցն ամբողջությամբ չի վերանա. և՛ Սիրիայի տարածքում կմնան բջիջներ, և՛ Իրաքում կմնան բջիջներ, ինչո՞ւ ոչ՝ նաև աշխարհում ստեղծված ցանցի շրջանակներում կշարունակեն մնալ բջիջներ, և սա արդեն թույլ կտա կառույցին՝ գործելու հենց ահաբեկչական գործողությունների մարտավարությամբ։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում կակտիվանան ահաբեկչական գործողությունները. ամենամանրից՝ մինչև շատ ավելի կազմակերպված և ավելի մեծ հետևանքներ ունեցող ահաբեկչական հարձակումներ։
– Նշեցիք, որ Ռաքքայի ազատագրումը Թուրքիայի և ԱՄՆ–ի կողմից սիրիական հակամարտության կարգավորման ամերիկյան սցենարի իրագործման նախապայմաններից մեկն է, որին դեմ չեն նաև արտաքին մյուս դերակատարները։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Իրանը չեզոք դի՞րք կգրավեն, քանի որ այդ գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
– Թուրքիայի ներխուժումը Սիրիա բոլոր արտաքին դերակատարների հետ նախապես համաձայնեցված սցենար էր։ Ասեմ ավելին՝ այս ներխուժմանը դեմ չեն նաև սիրիական իշխանությունները։ Թեև նրանք հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ ու քննադատեցին Թուրքիային, բայց Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթացները, և հատկապես՝ քրդական գործոնի ակտիվացումը, քրդական ինքնավարության ընթացքը ձեռնտու չէր ո՛չ սիրիական իշխանություններին, ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին դերակատարներին։
Այդ իսկ պատճառով՝ արտաքին դերակատարների մոտ գոնե ստվերային համաձայնություն կար՝ նման գործողություն արտոնելու, որովհետև Թուրքիայի ներխուժմամբ, հատկապես Սիրիայի հյուսիսում, իրադարձությունները շատ ավելի կանխատեսելի կդառնան, և համեմատական խաղաղության հասնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մինչ այդ։ Հետևաբար՝ ծայրահեղական ահաբեկչական տարրերի դեմ պայքարում կա հիմնական պայմանավորվածություն, ու, եթե անգամ Իրանը գործի, Միացյալ Նահանգները կարտոնի դա։
– Սիրիայի հայկական համայնքն այս իրավիճակում ի՞նչ անելիքներ ունի, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի։ Կարծիքներ կան, որ Թուրքիայի ակտիվացումը Սիրիայում կլինի մեր համայնքների վերջը։
– Թուրքիայի ակտիվացումը Սիրիայում, այո, որոշակի մտահոգության տեղիք տալիս է, բայց ես կարծում եմ, որ Թուրքիայի գործողությունները սահմանափակ են լինելու ու համաձայնեցվելու են մյուս արտաքին դերակատարների հետ։ Այստեղ ոչ միայն՝ մեր համայնքը, այլև՝ Հայաստանի Հանրապետությունն ունեն անելիքներ՝ մյուս արտաքին դերակատարների հետ համաձայնեցնելու հայ համայնքի մնացած բեկորների համար անվտանգության երաշխիքներ ձեռք բերելու հարցը։ Թուրքիայի աջակցությամբ սիրիական ընդդիմության գործողությունները հանգեցնելու են որոշակի քաղաքական գործընթացի, որ հետագայում արդեն Սիրիայում քաղաքական անցման ու քաղաքական կարգավորման հիմքեր են ստեղծելու։