Հրապարակվեց «հանցավոր խմբին» զենք վաճառելու գործով դատավճիռը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբին» զենք վաճառելու գործով դատավճիռը:
Դատարանը մեղավոր ճանաչեց գործով 4 ամբաստանյալներին՝ նրանց դատապարտելով ազատազրկման: Հակոբ Հակոբյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Անուշավան Ավետիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։
Հարություն Հովհաննիսյանը և Ստեփան Չիլինգարյանը դատապարտվեցին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Նշենք, որ այս գործով մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել, դատաքննությունն անցկացվել է արգացված կարգով: Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ւ պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետոերկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հակոբ Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Հարություն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 դոլարով իրացրել է:
Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 դոլարով իրացրել է իր կողմից: Նշենք, որ դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը: