Ազգային արխիվում կբացվի Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն բացառիկ նշանակության հետաքրքիր ցուցանմուշներ, այդ թվում՝ ՀՀ երեք նախագահների առաջին քաղաքացիական և դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած առաջին հրամանագրերը, վարչապետների ստորագրած առաջին որոշումները, և այլն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Անդրադառնալով արխիվի թվայնացման թեմային՝ Ա. Վիրաբյանն ընդգծեց, որ 21-րդ դարի տեխնոլոգիական բուռն զարգացումներն անդրադարձել են նաև արխիվի աշխատանքների վրա. «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք թղթե արխիվից, դրանք մնալու են այնքան, մինչև նոր սերունդները՝ տասնամյակներ անց, իրենք կորոշեն՝ ինչ անել դրանց հետ»:
Թվայնացումն ինքնանպատակ չէ: Ըատ բանախոսի՝ այն լուծում է պահպանման խնդիրը, ինչպես նաև տեղեկությունների որոնման աշխատանքները հեշտացնելու համար է, երբ ինֆորմացիան կարելի է գտնել՝ րոպեների, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ վայրկյանների ընթացքում:
Հայաստանի Ազգային արխիվում թվայնացման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2004 թվականից, իսկ թղթե կրիչով փաստաթղթերի թվայնացումը սկսվել է 2010 թվականից, երբ ձեռք են բերվել արդիական նոր սարքավորումներ.
«Մեր պահոցներում այս պահին կա թվով մոտ 350 մլն փաստաթուղթ, իսկ չորս մեքենա երկու հերթափոխով տարեկան թվայնացնում է մոտավորապես 250.000 թերթ փաստաթուղթ: Այս պահի դրությամբ թվայնացված փաստաթղթերի թիվն անցնում է միլիոնի սահմանը: Մենք թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք ունեն առավել շատ պահանջարկ: Դրանք են՝ մարդկանց հետ կապված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վկայականներ, կամ տոհմածառը վերականգնել ցանկացող ընտանիքներին անհրաժեշտ փաստաթղթերը: Պատմական նշանակության փաստաթղթերից առավել մեծ պահանջարկ են ներկայացնում Առաջին Հանրապետության պատմության հետ կապ ունեցող փաստաթղթերը, ինչպես նաև Ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը, որոնց պահանջարկը գնալով ավելի է մեծանում: Բառացիորեն վերջերս Ազգային արխիվ է դիմել Գերմանիայից ժամանած նկարահանող խումբ, ովքեր Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո որոշել են ֆիլմ նկարահանել այդ մասին: Մեծ պահանջարկ կա նաև բնակավայրերի՝ գյուղերի կամ քաղաքների պատմության հետ կապված փաստաթղթերի նկատմամբ, որոնք ևս թվայնացման առաջին անհրաժեշտության շարքերում են: Առաջին անհրաժեշտության թվայնացման շարքերում են նաև հայտնի պատմական և մշակութային դեմքերին վերաբերող փաստաթղթերը»,- առանձնացրեց Ամատունի Վիրաբյանը:
Ֆիլմերի թվայնացումը, ըստ բանախոսի, ևս շատ կարևոր է.
«Այս տարի արդեն ավարտելու ենք 35 մմ լայնությամբ ժապավենների վրա եղած վավերագրական ֆիլմերի թվայնացման աշխատանքները: Գեղարվեստական ֆիլմերը, Հայաստանի Հանրապետության և «Հայֆիլմի» նախկին տարածքները գնող կազմակերպության մեջ կնքված պայմանագրի համաձայն՝ թվայնացվել են և հանձնվել են Մշակույթի նախարարությանը, իսկ մեզ հանձնվել է դրանցից մեկ օրինակ: «Հայֆիլմի» թվայնացրած ֆիլմերի հետ Ազգային արխիվը որևէ տեսակի միջամտություն կամ գործ չի ունեցել»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Վիրաբյանը նշեց, որ հաջորդ տարվանից Ազգային արխիվը սկսելու է 16 մմ լայնությամբ ժապավենների վրա նկարահանած հեռուստատեսային ֆիլմերի թվայնացման աշխատանքները, որը կտևի մի քանի տարի, բայց արդյունքում կունենանք ավարտուն աշխատանք: Զուգահեռաբար՝ շարունակելու են թվայնացվել արխիվային լուսանկարներ, ձայնագրություններ, որտեղ բացակայում է պատկերը, բայց առկա է ձայնը, օրինակ՝ Գրողների միության համագումարներ, որտեղ ելույթներ են ունեցել Պարույր Սևակը, Ավետիք Իսահակյանը և այլք: