«Made in Armenia». «Բավականին որակյալ արտադրանք ունենք»

Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» ապրանքների ամենախոշոր ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 19-22-ին: Չորս օր շարունակ արտադրության տարբեր ոլորտների հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայանալ հայ սպառողներին, կապեր հաստատել շուկայում գործող այլ ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա գործարարների ու ներդրողների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը մանրամասնեց «Made in Armenia» երկրորդ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին ու ընթացքին վերաբերող որոշ հարցեր: Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ի դրությամբ մասնակցության ցանկություն հայտնած ընկերությունների թիվը 300-ից ավելի է, սակայն, իրենք ստիպված են եղել սահմանափակել հետագա դիմողների ցանկը տեղի խնդիրներ ունենալու պատճառով:

«Ցուցահանդեսի վայրի հատակագիծն է, հիմա բաշխում ենք տեղերը, թե որ ոլորտները, որ ընկերությունները որտեղ պետք է ներկայացված լինեն: Այս տարի ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ անկախության 25-ամյակի շրջանակներում, երևի սա 25 տարվա մեջ ամենամեծ ցուցահանդեսն է: Շուրջ 330 ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցելու, այդ թվում` Արցախից 15 ընկերություն»,- ասաց Հայկ Միրզոյանը:

«Made in Armenia 2016» ցուցահանդեսի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 19-ին Yerevan Expo ցուցահանդեսային սրահում: Հաջորդ օրը նախատեսված է համաժողով` «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնյաներ ու գործարարներ Իրանից: Ցուցահանդեսի ժամանակ նախատեսվում է նոր արտադրանքների, նոր գաղափարների շնորհանդեսներ: Սեպտեմբերի 22-ին սպասվում է նորաձևության ցուցադրություն, որի ժամանակ կցուցադրվեն ինչպես ընկերությունների, այնպես էլ անհատ դիզայներների ստեղծագործությունները: Մասնակից ընկերություններին տեղերը տրամադրում են անվճար` արտահանմանն ուղղված պետական աջակցության շրջանակներում: Ընկերություններն ազատ են յուրահատուկ լուծումներով կահավորել տաղավարները:

Նրա դիտարկմամբ` ցուցահանդեսին մասնակցում են արդյունաբերության մի շարք ճյուղեր, նաև ծառայությունների ոլորտը: Կազմակերպիչները փորձել են բաց չթողնել այնպիսի արտադրություններ, որոնք կան Հայաստանում: «Բոլոր ոլորտներից էլ մասնակցության ակտիվություն ունենք, բայց դա կախված է նաև մեր երկրում նշյալ ոլորտներում առկա ընկերությունների քանակից: Մեզ մոտ հիմնական ուղղություններից է սննդի արդյունաբերությունը, խմիչքների արտադրությունը. դա, երևի, ամենամեծ բաժինն է կազմում, բայց ոչ փոքր բաժին է ներկայացնում ճշգրիտ ճարտարագիտությունը, ընդգրկուն տեսականի ունենք` մեքենաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխնիկա»,- նշեց նա:

Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ` 1000-ից ավելի հրավերներ են ուղարկվել տարբեր երկրների պաշտոնյաների ու գործարարների թե՛ արտերկրում գտնվող հայկական դեսպանությունների, թե՛ հիմնադրամի համանման կառույցների, գործարարների, Առևտրի արդյունաբերական պալատի ունեցած օղակներով: «Սպասում ենք տարբեր երկրներից պատվիրակությունների այցի: Հյուրեր կունենանք ԵԱՏՄ երկրներից, Իրաքից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Այլ երկրներից էլ դեռ սպասում ենք հաստատումներին»,- ավելացրեց նա:

Խոսելով նախորդ տարվա ցուցահանդեսի մասին` Հայկ Միրզոյանը նկատեց, որ այն բավականին հաջողված էր ոչ միայն դրսից մեծ թվով հրավիրյալների մասնակցությամբ, այլև նրանով, որ շատ ընկերություններ իրենց գործընկերներ գտան, նոր համագործակցություն ծավալեցին:

«Այս ցուցահանդեսները կարևոր են թե նրանով, որ ներքին արտադրողներն իրար ճանաչեն, թե սպառողների տեսանկյունից: Ցուցահանդեսին այցելուների մասնակցությունն առավել հարմարավետ դարձնելու համար նախատեսում ենք Հանրապետության հրապարակից անվճար երթուղիներ սահմանել դեպի ցուցահանդեսային կենտրոն և հակառակ ուղղությամբ: Չորս օրերին անվճար հիմունքներով կաշխատեն ավտոբուսներ»,- տեղեկացրեց Հայկ Միրզոյանը` հորդորելով հայ սպառողներին լինել ակտիվ, այցելել ու տեղում ծանոթանալ հայկական արտադրանքին:

«Բավականին որակյալ արտադրանք ունենք, ցանկանում ենք, որ հայ սպառողը ուշադրությունը ներմուծվածից տեղափոխի հայկական արտադրանքին»,- ավելացրեց նա:

Դիտարկմանը, որ հայկական արտադրության շատ ապրանքներ թանկ են շուկայի այլ առաջարկների համեմատ` Հայկ Միրզոյանը հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ հայկական արտադրանքը թանկ է: Եթե համեմատում ենք անորակի հետ, թանկ է, բայց նույն որակական չափանիշներով արտադրանքի համեմատությամբ բավականին էժան է»,- ասաց նա:

Պատրաստեց Անի Նազարյանը

Տեսանյութեր

Լրահոս