ՀՆԱ-ի աճի տեմպը թուլացել է
Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեծությունը 2016 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 128 մլրդ 72.6 մլն դրամ (շուկայական գներով)։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ իրական աճը կազմել է 1.5%:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ մեծությունը 898 մլրդ 895.8 մլն դրամ էր, որը 4.5%-ով բարձր էր 2015 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ից։
Սա նշանակում է, որ աճի տեմպը երկրորդ եռամսյակում թուլացել է։ Կիսամյակի կտրվածքով կարող ենք մոտավորապես հաշվել, որ ՀՆԱ աճը կազմում է 2.8-2.9%:
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 299982 դրամ կամ 614 դոլար, երկրորդ եռամսյակում՝ 376690 դրամ կամ 786 դոլար։
2016 թվականի երկրորդ եռամյսակի ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները՝ 53.3%: Արդյունաբերության (ներառյալ էներգետիկան) կշիռը ՀՆԱ-ում 18.2% է, գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն ոլորտները միասին՝ 11.3%, շինարարության տեսակարար կշիռը՝ 9%։