«Ռումինիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հատուկ պարտավորություն ունի». Կատալին Ավրամեսկուի հոդվածը

Ռումինական bursa.ro կայքում օգոստոսի 23-ին հրապարակվել է փիլիսոփա եւ հրապարակախոս, քաղաքական եւ բարոյական փիլիսոփայության մասնագետ, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուի գրասենյակի խորհրդական Կատալին Ավրամեսկուի (Cătălin Avramescu) հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղ հեղինակը մատնացույց է անում ռումինական իշխանությունների եւ քաղաքական դասի լռությունը մարդկության դեմ կատարված այդ հանցագործության հանդեպ: Ներկայացնում ենք Ավրամեսկուի հոդվածի թարգմանությունը:

Կատալին Ավրամեսկու. Հայոց ցեղասպանության հիշողությունը

Այն տեղի է ունեցել 1915թ.: Մեկ ու կես միլիոնից ավելի մարդ է սպանվել: Պատկերները ցնցող են: Զոհվել են կանայք եւ երեխաներ: Անապատում մահվան շարասյուներ են կազմակերպվել: Մյուսներն սպանվել են համակենտրոնացման ճամբարներում: Հայության ունեցվածքը համակարգված կերպով թալանվել ու առգրավվել է: Ականատեսները միանգամից հասկացել են թուրքական իշխանությունների ցեղասպան նպատակը: 1915թ. հունիսին գերմանացի դեսպանը հեռագրով հաղորդել է. «Չկա ոչ մի կասկած, որ Բարձր Դուռը փորձում է Թուրքական կայսրությունում բնաջնջել հայոց ազգը»:

Որտեղ ենք հիմա, ավելի քանի մեկ դար հետո: Ռումինիայի իշխանությունները նույնիսկ հիմա չեն ճանաչել այդ իրադարձությունների ցեղասպան բնույթը: Մինչդեռ սա է էականը: Եվ շատ: Շատ բան կարող ես հասկանալ կառավարման մասին, երբ տեսնես, թե այն ինչ դիրքորոշում ունի պատմական ճշմարտության հանդեպ:

Պատճառներից մեկը, թե ինչու էր մինչև 1989թ. սոցիալիստական ռեժիմը այդքան ծուռ, հենց սա էր: Ստում էր շնչելու պես: Հնարովի պատմություն էր սարքում Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղարից առաջ ընկնող վոյեվոդների մասին: Լռում էր Արևելյան ճակատի ջարդերին ռումինական զորքերի մասնակցության մասին: Ստում կոմունիստների կողմից իշխանության գրավման մասին: Կեղծում կոմկուսի պատմության թանգարանում լուսանկարները:

Ժամանակակից Թուրքիան միշտ էլ հրաժարվել է ընդունել, որ դա ցեղասպանություն է եղել: Հիշում եմ, մոտավորապես 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին մի հոդված էի հրապարակել: Ու հանկարծ Թուրքիայի դեսպանատնից հրավեր ստացա: Գնացի ու (քաղաքավարի) զրույց ունեցա մի դիվանագետի հետ (կարծում եմ, փոխդեսպանն էր): Միտքն այն էր, որ ուզում էին ներկայացնել իրենց տեսակետը: Երբ հեռացա, նայեցի այն նյութերի կույտին, որը ինձ էին տվել: Դա կառավարական քարոզչություն էր:

Բազում ժողովրդավարական պետություններ (Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա և այլն) արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2016թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտեց ցեղասպանության ժխտումը:

Ռումինիան այս վայրագությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի: Հայերի մի մասը, որոնք փախել են Օսմանյան կայսրությունից 1915թ., մեզ մոտ են ապաստան գտել:

Ճշմարտությունը փնտրելն ու ասելը, սակայն, ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Պատճառն ասվում է շշուկով` «չնեղացնենք Թուրքիային»: Հիմա էլ նեղացնելու բան չկա, քանի որ Անկարայի վարչակազմը վերածվել է բռնապետության ու դաշնակցում է Ռուսաստանի Դաշնության հետ:

Ասել եմ ու կրկնում եմ. ոչ ոք ու ոչինչ չպետք է ճշմարտությունից շեղի արտաքին և հատկապես ներքին քաղաքականությունը: Երբ պետական իշխանությունները ճշմարտությանն անտարբեր են` իմացեք, որ սա ընդամենն առաջին քայլն է այն երաշխավորված չարաշահումների երկար ցուցակում, որոնք դեռ գալու են:

Ռումինիայի սոցիալիստական վարչակազմը 1989թ. սկսած պատմական ճշմարտության հանդեպ մշտապես արհամարհանք դրսեւորեց: Թաքցրեց ազգային անվտանգության նյութերը: Հրաժարվեց հանդես գալ հունա-կաթոլիկ եկեղեցու թալանի հարցով: Նույնիսկ մի կեղծ ելույթ կազմակերպեց Դեկտեմբերի հեղափոխության վերաբերյալ` «հեղափոխականների» ու «Պիացա Ունիվերսիտատեի ֆաշիստների» մասին: Որից հետո կանչեց հանքագործներին` վերջիններիս ոսկորները ջարդելու:

Միաժամանակ էլ ծնկի եկան ամեն տեսակ բռնապետությունների առջեւ: Բուխարեստի Լորենու այգին բարեկարգվեց Ադրբեջանի բռնապետ, ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևի անունը կրող էժանագին ծառուղով: Կալեա Վիկտորիա փողոցի վրա տեղադրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի էժանագին կիսանդրին: Այսինքն այն մայրուղու, որի անունը խորհրդանշում է Օսմանյան կայսրության դեմ անկախության պատերազմի հաղթանակը ու որով Հարավային Դանուբի արշավանքից վերադառնալուց հետո մտել են հաղթանակած ռումինական ուժերը: Հիշողության ու հարգանքի ինչպիսի պակաս ազգային պատմության հանդեպ ու պետք է հաշտվե՞նք նման բանի հետ:

Ցեղասպանությունը չի վերաբերվում միայն մեկ կամ մյուս պետության պատմությանը: Իր ընդգրկմամբ ցեղասպանությունը` յուրաքանչյուր ցեղասպանություն (ու, ցավոք, ցուցակը բավականին մեծ է) վիրավորանք է քաղաքակրթության ընդհանուր արժեքների հանդեպ: Հետևաբար, չենք կարող լվանալ մեր ձեռքերը: Ձևացնել, թե ցեղասպանության հիշողությունը մի բան է, որը վերաբերվում է միայն հայերին ու թուրքերին, կուրության մի տեսակ է: 20-րդ դարի հայերի կոտորածները, ըստ Ռոբերտ Ջելատլիի (Robert Gelatelly) (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր) արտահայտության, «սոցիալական աղետների դարաշրջանից» առաջինն էր: Իր հերթին Վլադիմիր Տիսմանեանուն (Vladimir Tismăneanu) (Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր) շատ ճիշտ կերպով ասել է, որ «հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելը բարոյական պարտավորություն է»: Սակայն հիմա պետք է ընդունենք, որ ունենք մի քաղաքական խավ, որը հրաժարվել է այս պարտավորությունից:

Տեսանյութեր

Լրահոս